ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2021 թ. հոկտեմբերի 12-ին Standard&Poors վարկանշային կազմակերպությունն առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը եւ շնորհել է արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով: Բացի երկարաժամկետ պարտավորությունների թողարկման վարկանիշից, Standard&Poors-ը շնորհել է նաեւ արտարժույթով եւ ազգային արժույթով կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման «B» մակարդակի վարկանիշ, ինչպես նաեւ որոշել է փոխանցման եւ փոխարկելիության երկրի գնահատականը. այն սահմանվել է «BB-»: Վերջինս մեկ մակարդակով բարձր է երկրի սուվերեն վարկանիշից, որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները Standard&Poors-ի կողմից վարկանշվելու դեպքում կարող են ստանալ երկրի սուվերեն (B+) վարկանիշից մեկ մակարդակ բարձր՝ (BB-) վարկանիշ: «Հայաստանի սուվերեն վարկանիշի «դրական» հեռանկարն արտացոլում է Standard&Poors-ի կարծիքն այն մասին, որ Հայաստանում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված ռիսկերը գերակշռում են եւ առաջիկա 12 ամիսների ընթացքում կարող են հանգեցնել Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման: Standard&Poors-ը նշում է, որ եթե հետագա 2-3 տարիների ընթացքում Հայաստանում տնտեսական աճի իրենց սպասումներն արդարացվեն, արտաքին խոցելիությունը նվազի եւ պետբյուջեի կատարողականը լինի իրենց սպասածից ավելի դրական, դա կբերի երկրի սուվերեն վարկանիշի բարելավման: Standard&Poors-ն ակնկալում է, որ Կառավարության 5-ամյա ծրագրի իրագործումը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի եւ արտաքին լեվերիջի կրճատման: Հայաստանի սուվերեն «B+» վարկանիշը հիմնված է Standard&Poors-ի փորձագետների այն գնահատականների վրա, որ, չնայած արտաքին էական ճնշումներին, Հայաստանը հաղթահարեց համավարակի եւ ռազմական կոնֆլիկտի հետեւանքները՝ առանց վտանգելու երկրի տնտեսական կայունությունը: Standard&Poors-ը տնտեսության այս ճկունությունը (դիմակայությունը) վերագրում է, գոնե, մասամբ, հուսալի հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների կառուցակարգերին: Հարկաբյուջետային խոհեմ քաղաքականության արդյունքում կուտակված հարկաբյուջետային միջոցների հաշվին իշխանությունները էական աջակցություն են ցուցաբերել համավարակի հետեւանքով տուժած տնտեսությանը՝ միաժամանակ պահպանելով երկրում ֆինանսական կայունությունը: 2020թ.-ի լուրջ եւ սինխրոնիզացված ցնցումներին դիմակայելուն նպաստել է նաեւ Հայաստանի կենտրոնական բանկը՝ իր ճկուն դրամավարկային քաղաքականությամբ»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:ԿԲ-ում նշել են, որ միջազգային խոշորագույն վարկանշային կազմակերպության՝ Standard&Poors-ի մուտքը Հայաստան նշանակում է, որ ավելանում է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակն ու ռիսկերը, գործող ինստիտուտների ճկունությունն ու նրանց կողմից վարվող քաղաքականությունների արդյունավետությունը օբյեկտիվորեն գնահատող եւս մեկ միջազգային կառույց։ Դա միանշանակ կօգնի շահել ինստիտուցիոնալ ներդրողների վստահությունը եւ դրական ազդեցություն կունենա հետագայում տեղաբաշխվելիք եվրոպարտատոմսերի եկամտաբերության վրա։ «Standard&Poors-ի հետ Հայաստանի համագործակցությունը կնպաստի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը եւ կարագացնի այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը՝ հաշվի առնելով, որ սուվերեն վարկանիշը ձեռք է բերվել նաեւ մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշ ստանալու հնարավորություն ապահովելու եւ դրա ներքո տեղական եւ միջազգային կապիտալի շուկաներ դուրս գալու նպատակով:Standard&Poors-ի կողմից սուվերեն վարկանիշի ստացումը կնվազեցնի Հայաստանի մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշի ստացման հետ կապված ծախսերը, քանի որ սուվերեն վարկանիշի բացակայության դեպքում մասնավոր ընկերության վարկանիշ ստանալու գինն իր մեջ ներառում է նաեւ սուվերեն ռիսկի գնահատումը, հետեւաբար, նաեւ ծախսերը: Standard&Poors-ի սուվերեն վարկանիշի ստացումը հեռանկարում թույլ կտա նաեւ այդ կազմակերպության հետ համագործակցությամբ մեր երկրի համար մշակել վարկանիշային ազգային սանդղակ՝ հաշվի առնելով նմանատիպ սանդղակների մշակման Standard&Poors-ի հարուստ փորձը: Սա կարող է նոր խթան դառնալ մեր երկրում բիզնեսի թափանցիկության եւ կառավարման ստանդարտները բարձրացնելու համար»,- նշել են ԿԲ-ում։ Tweet Դիտում՝ 2676