Չինաստանի իշխանությունները հակակոռուպցիոն ստուգումներ կիրականացնեն ֆինանսական գերատեսչություններում, պետական խոշոր բանկերում եւ ապահովագրական ընկերություններում, հաղորդում է Finmarket-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:Ստուգումները, որոնք կտեւեն երկու ամիս, կիրականացնի Չինաստանի Կոմկուսի Կարգապահական տեսչության կենտրոնական հանձնաժողովը: Մինչեւ դեկտեմբերի 15-ը հանձնաժողովը կընդունի տեղեկատուների բողոքները, ասված է հաղորդագրության մեջ:Ընդհանուր առմամբ, ստուգման է ենթարկվելու 25 կազմակերպություն, այդ թվում՝ Չինաստանի բանկային եւ ապահովագրական գործունեության կարգավորման հանձնաժողովը (China Banking and Insurance Regulatory Commission, CBIRC):Պեկինը 6 տարվա ընթացքում առաջին անգամ է հակակոռուպցիոն ստուգում իրականացնում ֆինանսական ոլորտում: Այս անգամ ստուգման կենթարկվի գերատեսչությունների ավելի լայն շրջանակ, ներառյալ՝ Չինաստանի Ժողովրդական բանկը (երկրի Կենտրոնական բանկը), Արժեթղթերի շուկան կարգավորող հանձնաժողովը (CSRC), Շանհայի եւ Շենժենի բորսաները, պետական խոշոր բանկերը, ինչպես նաեւ այն ընկերությունները, որոնք կառավարում են «վատ» վարկերի պորտֆելներ:«Ֆինանսական ընկերությունների ստուգումներն անորոշություն են ստեղծում հնարավոր պատիժների մասով. կսահմանափակվե՞ն արդյոք դրանք տուգանքներով, թե՞ կլինի վարկային գործունեության ավելի կոշտ կարգավորում: Ամեն դեպքում, սա մթագնում է ֆինանսական ընկերությունների հեռանկարները մոտ ապագայում»,- նշում են փորձագետները:The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, տեղեկացրել է, որ կստուգվեն ֆինանսական հաստատությունների կապերը մասնավոր ընկերությունների հետ, հատկապես նրանց, որոնք վերջերս քննադատության են ենթարկվել իշխանությունների կողմից:«Վերջին տարիներին իրականացված հակակոռուպցիոն ստուգումների ընթացքում պատժվել է ավելի քան 1,5 միլիոն պետական պաշտոնյա: Այսպես, այս տարվա հունվարին մահապատժի է ենթարկվել ակտիվների կառավարման ոլորտում գործող China Huarong ընկերության նախկին ղեկավարը, որը մեղավոր էր ճանաչվել կաշառակերության եւ յուրացման համար, իսկ China Development Bank-ի նախկին ղեկավարը դատապարտվել է ցմահ ազատազրկման»,- գրում է պարբերականը: Tweet Դիտում՝ 2160