50 գործատու եւ 4000 աշխատանք փնտնրող․ ՀՊՏՀ-ում կայացել է Աշխատանքի տոնավաճառ

08.10.2021 | 20:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՊՏՀ #Աշխատանքի տոնավաճառ #Դիանա Գալոյան
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) բակում տեղի ունեցավ երկար սպասված Աշխատանքի տոնավաճառը, որ կազմակերպվել էր Տնտեսագիտական մայր բուհի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ նույն նախարարության Միասնական սոցիալական ծառայության համատեղ ջանքերով, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

«ՀՊՏՀ լեփ-լեցուն բակում կազմակերպված Աշխատանքի տոնավաճառը համախմբել էր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին եւ տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 50 առաջատար ընկերությունների՝ բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային, կրթական, հաշվապահական եւ աուդիտորական, հեռահաղորդակցության եւ այլ ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ»,- նշել են ՀՊՏՀ մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնում։

Ողջունելով տոնավաճառի մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնելով գործատու գործընկերներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նշել է, որ Տնտեսագիտական համալսարանը խիստ կարեւորում է գործատուների հետ սերտ համագործակցությունը, նրանց կարիքների վերհանումն ու դրան համապատասխան՝ կրթական ծրագրերում փոփոխությունների իրականացումը։

«Մեզ համար կարեւոր է ի սկզբանե կրթել ուսանողների, որոնք օժտված կլինեն այնպիսի կարողություններով ու հմտություններով, որոնք այսօր անհրաժեշտ են աշխատաշուկային։ Հուսով եմ, որ Աշխատանքի տոնավաճառը մեր ուսանողներին եւ միջոցառման մյուս մասնակիցներին հնարավորություն կտա ապահովվելու աշխատանքով, քանի որ վստահ եմ՝ կա աշխատանք, եւ դրա համար անհրաժեշտ են որակյալ կրթություն եւ համապատասխան հմտություններ»,- նշել է Դիանա Գալոյանը։



«Օրը խորհրդանշական է, քանզի երեկ նշում էինք Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրը»,- ողջունելով ներկաներին՝ հիշեցրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարի խոսքով՝ նման միջոցառումները հնարավորություն են տալիս միեւնույն հարթակում մի կողմից համախմբելու գործատուներին, մյուս կողմից՝ անձանց, որոնք աշխատանք են փնտրում, ինչպես նաեւ համալսարանները եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները։

«Այս աշխատաշուկան մեծապես պետք է նպաստի գործատուի եւ աշխատելու ցանկություն ունեցող մարդկանց հանդիպմանը։ Կառավարության համար նմանատիպ միջոցառումների անցկացումը խիստ կարեւոր նշանակություն ունի։ Մեզ համար կարեւոր է հասկանալ աշխատաշուկայի պահանջները՝ ավելի հասցեական պատվեր իջեցնելու համար ակադեմիական ոլորտին, ինչն էլ հնարավորություն կտա համապատասխան կադրեր պատրաստելու աշխատաշուկայի համար»,- նշել է նախարարը։

ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Թռչունյանն ընդգծել է այսօրինակ միջոցառումների կարեւորությունը հենց ուսանողների համար։

«Հանդիպումներն ու մասնավոր զրույցները, որոնց հնարավորությունը տալիս է աշխատանքի տոնավաճառը, խթանող ազդեցություն ունեն ուսանողության համար՝ գործատուների հետ շփվելու եւ հասկանալու, թե ինչ գիտելիքներ ու հմտություններ են անհրաժեշտ իրենց՝ լավ աշխատանք ունենալու համար»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ նմանատիպ միջոցառումները պետք է լինեն ամենամյա, ավելի ընդգրկուն եւ ուսանողներին հնարավորություն տան՝ հասկանալու իրենց տեղն ու դիրքը աշխատաշուկայում։ Կարեն Թռչունյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ շատ ուսանողներ հենց այսօր էլ՝ Աշխատանքի տոնավաճառի շնորհիվ, կգտնեն իրենց աշխատանքը։

Ողջույնի ելույթներից հետո ներկաները ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ուղեկցությամբ շրջեցին տաղավարներում, զրուցեցին գործատուների եւ տոնավաճառի մյուս մասնակիցների հետ։

«Տաղավարների մոտ ակտիվ եռուզեռ էր։ Տոնավաճառի մասնակիցները շրջում էին, թողնում ինքնակենսագրականներ։ Գործատուներն էլ, աշխատուժի պահանջը լրացնելու նպատակով, ներկայացնում էին թափուր հաստիքների եւ դրանց համալրման վերաբերյալ տեղեկատվություն՝ ամեն կերպ ջանալով տնտեսության զարգացող ոլորտների, նոր մասնագիտությունների հանդեպ հետաքրքրություն առաջացնել Աշխատանքի տոնավաճառի այցելուների շրջանում։ Անմիջական հաղորդակցման միջոցով վերջիններս ստանում էին իրենց հարցերի պատասխանները, օգտվում ընձեռված լայն հնարավորությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ, Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են շուրջ 4000 աշխատանք փնտրողներ, որոնք հնարավորություն ունեցան ծանոթանալու 50-ից ավելի գործատուների աշխատանքի առաջարկին։
Դիտում՝ 2295
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai