ՀՕՖ-ն ու HSBC Հայաստանն ամփոփել են Տավուշում իրականացված ծրագրի արդյունքները

04.10.2021 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՕՖ #HSBC Հայաստան #Տավուշ
Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) եւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) «Պատասխանատու ֆինանսական վարքագծի խթանում եւ բիզնես ակտիվության մեկնարկ գյուղական համայնքներում» համատեղ ծրագիրը հոկտեմբերի 1-ին ներկայացրել է արդյունքները։

Ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել Տավուշի մարզպետարանում, որին մասնակցել են ծրագրի պատասխանատուներն ու Տավուշի մարզի մասնակից 4 գյուղական համայնքների ներկայացուցիչները։
 
Ավելի քան 15 միլիոն ՀՀ դրամ է հատկացվել ծրագրին, որը մեկնարկել է 2020-ին՝ նպատակ ունենալով բարձրացնել ֆինանսական գրագիտության մակարդակը 140 ֆերմերների եւ երիտասարդների շրջանում։ Ծրագիրն օգնել է նրանց գրագետ եւ կայուն ֆինանսական որոշումներ կայացնել, զարգացնել իրենց ձեռնարկատիրական գիտելիքներն ու հմտությունները։  

Ծրագրի շրջանակում դրամաշնորհներ են տրամադրվել 30 բիզնես գաղափարների իրականացման համար՝ Տավուշի մարզում ձեռնարկատիրական գործունեություն սկսելու նպատակով։ Միջոցառման ընթացքում իրենց բիզնես գաղափարներն են ներկայացրել նաեւ Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքի 11 ներկայացուցիչները։ Ընտրության արդյունքում դրանցից 6-ը կյանքի կոչվելու հնարավորություն է ստացել։

«Վստահ ենք, որ հատկացված համեստ դրամաշնորհներով մենք ոչ միայն ձեռնարկատիրական աջակցություն ենք տրամադրում ընտրված ընտանիքներին, այլ նաեւ նպաստում տվյալ գյուղերի կայուն զարգացմանը»,- նշել է ՀՕՖ-ի տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Էրիկ Բաղդասարյանը՝ ներկայացնելով ծրագրի արդյունքներն ու շեշտելով նման ծրագրերի կարեւորությունը սահմանամերձ համայնքների երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ու բարգավաճման համար։
 
HSBC Հայաստանի հանրային ծրագրերի համակարգող Նորա Նազարյանը նշել է․ «Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր HSBC Հայաստանն իրականացնում է համայնքային զարգացման բազմաթիվ ծրագրեր բանկի` ֆինանսական գրագիտության եւ ձեռնարկատիրական հմտությունների խթանմանն ուղղված ռազմավարության շրջանակներում: Չնայած նրան, որ այս ծրագրի նախապատրաստական, ինչպես նաեւ իրականացման որոշ փուլեր խոչընդոտվել էին ՔՈՎԻԴ-19 համավարակի եւ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով, մենք գործադրել ենք բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի ծրագիրն իրականացվի իր նպատակներին համապատասխան եւ դրականորեն ազդի համայնքի բնակիչների կյանքի որակի վրա՝ ընձեռելով նոր հնարավորություններ եւ հույս բերելով բնակչության առավել կարիքավոր խմբերին: Այսպիսով չափազանց հպարտ եմ իրականացված աշխատանքով»:
Դիտում՝ 4090
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW