Օգոստոսի 4-ին մեկնարկել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) եւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի (HSBC Հայաստան) կողմից իրականացվող «Պատասխանատու ֆինանսական վարքագծի խթանում եւ բիզնես ակտիվության մեկնարկ գյուղական համայնքներում» ծրագիրը, որի բյուջեն կազմում է 14.5 մլն դրամ: Ծրագրի նպատակն է Տավուշի մարզի 4 գյուղական համայնքների 140 ֆերմերների եւ երիտասարդների շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը, ինչը վերջիններիս կօգնի կայացնել գրագետ եւ կայուն ֆինանսական որոշումներ, ինչպես նաեւ կնպաստի ծրագրի մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների ու հմտությունների զարգացմանը: Բացի այդ, ծրագրի շրջանակում մասնակիցներին մրցակցային հիմունքներով կտրամադրվեն դրամաշնորհներ ներկայացված լավագույն 20 բիզնես գաղափարների համար, որոնք կիրագործվեն Տավուշի մարզում, ներառյալ ծրագրի ակտիվ փուլի ավարտից հետո: Բիզնես ծրագրերը կնպաստեն շահառու համայնքների երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը:«Այսօր, առավել քան երբեւէ, ճիշտ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է ունենալ ֆինանսական գիտելիքներ: Հպարտ ենք, որ համագործակցում ենք HSBC Հայաստանի հետ Տավուշի մարզի գյուղական համայնքներում սույն կարեւոր նախաձեռնության իրականացման նպատակով», - ասել է ՀՕՖ-ի տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Էրիկ Բաղդասարյանը՝ միաժամանակ շեշտելով, որ համավարակով պայմանավորված՝ դասընթացները կանցկացվեն առցանց:«HSBC-ն չափազանց կարեւորում է համայնքների կայուն զարգացումը, որը հանդիսանում է երկրի տնտեսական զարգացման գրավականներից մեկը: Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր HSBC Հայաստանն իրականացնում է համայնքային զարգացման բազմաթիվ ծրագրեր բանկի` ֆինանսական գրագիտության եւ ձեռնարկատիրական հմտությունների խթանմանն ուղղված ռազմավարության շրջանակներում: Ծրագրի արդյունքում ընտրված բիզնես գաղափարների իրականացումը կնպաստի շահառու համայնքների երկարատեւ եւ կայուն զարգացմանը աշխատատեղերի ստեղծման եւ տեղական արտադրության խթանման միջոցով»,- նշել է HSBC Հայաստանի հանրային ծրագրերի համակարգող Նորա Նազարյանը: Tweet Դիտում՝ 7748