Երեւանի բուսաբանական այգում կհիմնվի Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ: Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ 30 հեկտար տարածքում կտնկվի շուրջ 14 հազար ծառ: Մի խումբ երիտասարդների ու զոհված զինծառայողների ծնողների՝ իրարից անկախ ծնված գաղափարը միավորեց նրանց նախագծի շուրջ: Գաղափարին արձագանքել է Երեւանի քաղաքապետարանը․ քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։Այգու ձախակողմյան բլուրը, որտեղ կհիմնվի անտառ-պուրակը, այսօր անխնամ ու ամայի է: Ոռոգման ցանցի բացակայությունն ու հրդեհներն այստեղ բուսականություն գրեթե չեն թողել:«Ճանապարհը ոլորապտույտներով կբարձրանա դեպի գագաթ, որտեղ կլինեն ջրային ավազաններ եւ խորհրդանշող ծառ կամ հուշարձան: Ենթադրում ենք, որ նաեւ հեծանվուղի եւ վազքուղի կլինի: Արահետների միջեւ կլինեն կապող ճանապարհներ, տեղ-տեղ լայնացումներ, որտեղ նստարաններ կդրվեն: Մենք պատկերացնում ենք լուսավոր անտառ-պուրակ, որը տխրության վայր չի լինի, ապրեցնող անտառ՝ առանց ավելորդությունների»,- նշել է նախաձեռնող խմբի անդամ, ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը:«Խաչքար էլ ունենք, գերեզմանոց էլ, սա պետք է տարբերվի, լրիվ ուրիշ գաղափար է, կյանքը շարունակելու, խաղաղության պուրակ»,- ասել է զոհված Դավիթ Խաչատրյանի հայրը՝ Կարեն Խաչատրյանը:Կյանքի պուրակի հիմքը կդրվի արդեն հաջորդ տարի: Բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները կտեւեն մի քանի տարի: Պուրակում առաջնահերթ պետք է անցկացվի ոռոգման ցանց, լուծվի նաեւ արտաքին լուսավորության հարցը:«Քանի որ բավական մեծ եւ հավակնոտ նախագիծ է, ցանկություն կար կառավարության կողմից ֆինանսավորելու: Այս պահին շրջանառվում է ֆինանսավորման նախագիծը, երբ պատրաստ լինի անտառ-պուրակի նախագիծը, կսկսեն բուն աշխատանքները»,- նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:Պուրակն իր շուրջը կհավաքի տարածքին ու գաղափարին համահունչ կյանքի շարունակությունը խորհրդանշող հուշարձանը, որի լուծումները կտան մասնագետները: Tweet Դիտում՝ 2184