Փաշինյանը խոսել է 2022թ․ բյուջեում 3 հիմնական առաջնահերթությունների մասին

30.09.2021 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #պետական բյուջե
Կառավարության նիստում 2022 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այսօր Հայաստանը կանգնած է դժվարին մարտահրավերների առջեւ․ դեռեւս հաղթահարված չեն համավարակի եւ 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական եւ անվտանգային աղետալի հետեւանքներն ու մարտահրավերները:

«Մեր նպատակադրումները, որոնք արտահայտված են 2022 թվականի բյուջեում եւ գործունեության ծրագրում, հավակնոտ են եւ իրատեսական: Մենք գիտակցում ենք, որ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական միջամտություններ կառավարության կողմից, այլեւ հասարակական եւ մշակութային վերափոխումներ: Առաջին հերթին կարեւորում ենք պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը եւ աշխատանքային մշակույթի վերափոխումը եւ զարգացումը»,- նշել է կառավարության ղեկավարը:

Նա ընդգծել է, որ 2022թ.-ի բյուջեն հենվում է երեք հիմնական առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում, ենթակառուցվածքների զարգացում ու կրթության եւ գիտության արդիականացում:

«Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը, առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները: Այս իմաստով կարեւոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլեւ ՀՀ-ի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձեւավորումը, Հայաստանի, Արցախի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետեւողական իրագործումը»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 2022թ.-ի բյուջեում կառավարությունը ձգտել է զգուշորեն բալանսավորել առաջնահերթությունները եւ միաժամանակ ապահովել տարատեսակ ֆիսկալ ռիսկերի կառավարելիությունը:

«Իհարկե, հնարավոր չէ մեկ բյուջեով լուծել պետության առջեւ ծառացած բոլոր հարցերը, մենք պետք է դուրս գանք ամեն ինչ անելու եւ, ըստ էության, ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից»,- նշել է Փաշինյանը:
Դիտում՝ 1679
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW