Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցումը կարժենա շուրջ 474.3 մլրդ դրամ

24.09.2021 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սիսիան-Քաջարան #ներդրումային ծրագիր
Գործադիրը հաստատել է  Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-4-ի շրջանակում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը եւ սահմանել նախաորակավորման ընթացակարգի կազմակերպման առանձնահատկությունները:

Որոշմամբ նախատեսվում է իրականացնել 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջների եւ 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելների (ամենաերկարը` Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ) կառուցման աշխատանքներ եւ դրանց հետ կապված այլ գործողությունները:

Նախագծողի կողմից նախապատրաստված նախահաշվի համաձայն՝ ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների արժեքը կազմում է շուրջ 474.3 մլրդ ՀՀ դրամ:

Անդրադառնալով որոշմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով տրվում է Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի արդեն շինարարական գործընթացի մեկնարկի փուլ:

«Հիմա մենք մրցութային փաթեթներն ենք պատրաստելու եւ հայտարարելու ենք միջազգային մրցույթ, որից հետո հույս ունենք, որ 2022 թվականի ավարտին արդեն  շինարարության նախնական փուլը կմեկնարկի: Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ մենք ընդհանուր առմամբ, ճիշտ է՝ հիմա ծրագիր-4-ը Սիսիան-Քաջարան հատվածն է, բայց մենք Սիսիան-Ագարակ հատվածը դիտում ենք որպես մեկ ամբողջություն»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ծրագիր 4-ի կարեւորությունը՝ այն համարելով  երրորդ հանրապետության պատմության ամենամասշտաբային շինարարական նախագիծը:

«Սա շատ լուրջ մարտահրավեր է, եւ պետք է խնդիրը պատվով կատարենք: Սա նոր որակ կբերի մեր տնտեսությանը, մեր հաղորդակցությանը, Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր տնտեսական կապերի ամրապնդմանը: Դա նաեւ որոշակի հետաքրքրություն կառաջացնի Պարսից ծոցը Սեւ ծովին կապելու այդ նախագծերի շրջանակներում: Իհարկե, եթե հարցը դիտարկում ենք ավելի լայն համատեքստում, տարածաշրջանային բոլոր տնտեսական կոմունիկացիաների բացման համատեքստում այս ծրագիրը բոլորովին ուրիշ մասշտաբ եւ նշանակություն է ստանում: Եվ հույս ունեմ, որ մենք սա իսկապես պատշաճ մակարդակով եւ ժամկետներում կիրականացնենք»,- ասել է վարչապետը:
Դիտում՝ 2654
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW