ԿԲ-ն տնտեսական աճի զարգացումները սպասվածից ավելի դրական է գնահատում

14.09.2021 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #տնտեսական աճ #գնաճ
ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) տեղեկացնում է, որ 2021 թվականի օգոստոսին արձանագրվել է 0.4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնանկման  դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ եւ ամսվա վերջին կազմել է 8.8%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը օգոստոսին եւս պահպանվել է 8.0%-ի շրջակայքում։

«2021թ.-ի երրորդ եռամսյակում, չնայած աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման գործընթացի որոշակի դանդաղմանը եւ բազմաթիվ երկրներում համավարակի նոր բռնկումներին, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական ակտիվության ու համախառն պահանջարկի՝ սպասվածից արագ տեմպերով աճը: Ստեղծված իրավիճակում, մի շարք առաջարկի եւ պահանջարկի գործոնների ազդեցությամբ հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը պահպանվում է, ինչպես նաեւ գործընկեր երկրներում գնաճն ընթանում է նախկին կանխատեսումների համեմատ ավելի բարձր հետագծով։ Այս պարագայում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն:

2021թ.-ի ՀՀ տնտեսական աճի ընթացիկ զարգացումները գնահատվում են սպասվածից ավելի դրական՝ պայմանավորված գյուղատնտեսության եւ ծառայությունների ճյուղերի ավելի մեծ աճերով։ Համախառն պահանջարկը եւս աճում է սպասվածից փոքր-ինչ արագ տեմպերով, որին շարունակում են մեծ նպաստում ունենալ մասնավոր սպառման բարձր աճը, արտերկրից դրամական փոխանցումների՝ սպասվածից մեծ ծավալները եւ արտաքին պահանջարկի դրական միջավայրը, մինչդեռ մասնավոր ներդրումների աճը պահպանվում է համեմատաբար զսպված: Նման պայմաններում ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ մասնավոր սպառման՝ արտադրական կարողությունների ընդլայնման նկատմամբ առաջանցիկ աճը ներկայումս նպաստում է ներքին գնաճային միջավայրի ընդլայնմանը:

Վերջին ամիսներին գնաճի կարճաժամկետ արագացումը հիմնականում պայմանավորված է սեզոնային պարենային ապրանքների գների աճով, իսկ բնականոն գնաճը ձեւավորվել է սպասվածից ավելի ցածր մակարդակում: Մյուս կողմից, թե՛ արտաքին հատվածից եւ թե՛ ներքին տնտեսությունից շարունակում են պահպանվել հիմնականում գնաճային ազդեցություններ, ուստի ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է համարում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը: Միեւնույն ժամանակ, Խորհուրդը գնահատում է, որ վերջին շրջանում դրամավարկային պայմանների հետեւողական խստացումը բավարար ազդեցություն է ունենում առաջանցիկ պահանջարկի կարգավորման, գնաճի զսպման եւ միջնաժամկետում գնաճի նպատակի ապահովման ուղղությամբ: Նման պայմաններում կանխատեսվում է, որ մինչեւ տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետեւ 2022թ-ին կմոտենա նպատակային 4% ցուցանիշին եւ միջնաժամկետ հատվածում կկայունանա դրա շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռեւս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են եւ դրանց դրսեւորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 936
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW