ՎԶԵԲ-ն ու ԱԶԲ-ն $105 միլիոնի վարկ կտրամադրեն Հայաստանի էլցանցերին

13.09.2021 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #ԱԶԲ #ՀԷՑ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 105 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ 10-ամյա ներդրումային ծրագրի 2-րդ փուլի իրականացման համար:

70 մլն ԱՄՆ դոլար կտրամադրվի ՎԶԵԲ-ի եւ 35 մլն դոլար՝ ԱԶԲ-ի կողմից:

Վարկային միջոցները կուղղվեն Հայաստանի էլեկտրաէներգետիկական բաշխիչ ենթակառուցվածքների արդիականացմանը մարզերում եւ խոշոր քաղաքներում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ձեռքբերումից հետո սկսեցինք ընկերության առողջացմանն ուղղված աշխատանքը, այդ թվում նաեւ՝ ներդրումային ծրագրի իրականացման միջոցով։ Եվ այն հաջողությունները, որոնք այսօր գրանցել ենք, նաեւ Ասիական զարգացման բանկի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ այլ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համագործակցության, երկարաժամկետ ու արդյունավետ աշխատանքի արդյունք են: ՀԷՑ-ը վնասով աշխատող ընկերությունից դարձել է շահույթ գեներացնող ընկերություն, կրճատել է էլեկտրաէներգիայի կորուստները 13,5%-ից մինչեւ 6,9%։ Ներդրել ենք կառավարման միջազգային  ստանդարտներ, բացել բաժանորդների սպասարկման ժամանակակից կենտրոններ: Մեծ կարեւորություն ենք տալիս էկոլոգիական ու սոցիալական ծրագրերին, որոնք մեր ընկերության զարգացման գերակա ուղղություններից են»,- ասել է ՀԷՑ Տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։

Միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից տրամադրված վարկային միջոցները նաեւ կօգնեն ՀԷՑ-ին մեղմել կլիմայի փոփոխության հետ կապված մարտահրավերները՝ ապահովելով կառավարման, բնապահպանական, սոցիալական եւ տեխնիկական չափանիշների ընդլայնված կիրառում: ՀԷՑ-ը կկենտրոնանա նաեւ գենդերային իրավունքների պաշտպանության վրա՝ խթանելով գենդերային հավասարությունը եւ մեծացնելով ներառումը իր բիզնես գործունեության մեջ:

«Էներգետիկ ենթակառուցվածքի արդիականացման բազմափուլ ծրագիրը ներառում է մի քանի առնացքային տարր՝ համակարգի թվայնացում, էլեկտրաէներգիայի օգտագործման բարելավում եւ էներգամատակարարման հուսալիության ապահովում: Ծրագիրը կարեւոր է Հայաստանում մաքուր էներգիայի արտադրման, այդ թվում՝ կենցաղային սպառման արեւային էներգիայի արտադրության կարողության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքի համատեքստում», - նշել է ՎԶԵԲ -ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:
     
«Էներգետիկ արդյունավետության եւ անվտանգության հիմքը ուժեղ ենթակառուցվածք ստեղծելու համար ներդրում կատարելն է: ԱԶԲ-ն շարունակում է աջակցել Հայաստանին այս նպատակի իրագործման հարցում՝ տրամադրելով մասնավոր հատվածի երկարաժամկետ ֆինանսավորում, ինչը ոչ միշտ է հասանելի», - ասել է ԱԶԲ Հարավային, Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի ենթակառուցվածքների ֆինանսավորման բաժնի տնօրեն Շանտանու Չակրաբորտին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրի իրագործումը սկսվել է 2016թ.-ից: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 726 մլն ԱՄՆ դոլար է կազմում, մինչ այսօր կատարված է ծրագրի 41%-ը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրի արդյունավետ իրականացումը՝ ուղղված բաժանորդների սպասարկման որակի կատարելագործմանը, մեզ համար գերակա նպատակ է: Ուրախ եմ, որ շարունակում ենք աշխատել Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի եւ այլ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ ծրագրի արդեն երկրորդ փուլի շրջանակում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմերին արդյունավետ աշխատանքի համար։ Մեր հաջողության գրավականը, անշուշտ, մեր թիմային աշխատանքն է: Վստահ եմ, որ այս պայմանագրի ստորագրումը նոր թափ է հաղորդելու մեր համագործակցությանը»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:
Դիտում՝ 2369
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW