Այսօր AMX-Հայաստանի ֆոնդային բորսան հյուրընկալել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին, նախագահի տեղակալներին եւ ղեկավարության այլ անդամներին։ Այցի ընթացքում ներկայացվել է ԵԱԶԲ-ի տեխնիկական աջակցման հիմնադրամի շնորհիվ արդիականացված առեւտրային արդեն իսկ գործող պետական պարտատոմսերի աճուրդների համակարգը, ինչպես նաեւ թեստավորման եւ ներդրման վերջին փուլում գտնվող երկրորդային շուկայի առեւտրային համակարգը։ Նախորդ տարեվերջին կնքված պայմանագրի հիման վրա ԵԱԶԲ-ը դարամաշնորհ էր հատկացրել AMX-ին՝ առեւտրային նոր համակարգի եւ տեխնիկական միջոցների վերազինման ու ներդրման հետ կապված ծախսերի հիմնական մասը ֆինանսավորելու նպատակով։Առեւտրային համակարգը բացի երկրորդային շուկայի առեւտրի ապահովումից ներդրողներին հնարավորություն կտա նաեւ բորսայի անդամ բրոքերների միջոցով ուղիղ հասանելիություն ստանալ բորսայի առեւտրային հարթակներին եւ իրականացնել առեւտուր առցանց իրական ռեժիմում վեբ եւ մոբայլ հավելվածների միջոցով։«Ըստ նախնական պլանի համակարգը պետք է գործարկվի այս տարեվերջին, ինչը կհամարվի աննախադեպ լավ արդյունք՝ հաշվի առնելով առեւտրային համակարգի ներդրման արագությունն ու որակը։ Շնորհիվ մեր գործընկեր Եվրասիական զարգացման բանկի՝ մենք առեւտրային համակարգը հասանելի ենք դարձնում վերջնական ներդրողներին, դյուրացնում ենք բորսայական առեւտրին մասնակցությունը եւ փորձում ենք ներազդել կապիտալի շուկայի զարգացման վրա՝ հնարավորություն ստեղծելով ավելացնել շուկայում ուղղակի մասնակիցների թվաքանակը։ Սրա վառ ապացույցն է այն, որ երկու տարի անընդմեջ մենք ստանում ենք «Հարավային Կովկասի լավագույն բորսա» մրցանակը Global Banking & Finance Review-ի կողմից։ Համոզված եմ, որ ԵԱԶԲ-ի տեխնիկական աջակցման քաղաքականությունը կշարունակի նպաստել Հայաստանի արժեթղթերի շուկայի զարգացմանը եւ հուսով եմ, որ մեր համագործակցությունը չի սահմանափակվի միայն այս ծրագրով, եւ մոտ ապագայում ԵԱԶԲ-ի աջակցությամբ կիրականացվեն նաեւ այլ՝ զարգացմանն ուղղված ծրագրեր»,- նշեց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։AMX-ի գրասենյակ այցի ընթացքում ԵԱԶԲ-ի պատվիրակությանը ներկայացվեց 8 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքը, նոր համակարգը եւ վերջինիս առավելությունները նախորդ համակարգերի նկատմամբ։ «Հայաստանի ֆոնդային բորսայի տեխնոլոգիական արդիականացումը թույլ կտա հաջողությամբ ինտեգրել վերջինիս ենթակառուցվածքները Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ֆինանսական շուկաներին՝ նպաստելով առեւտրային ծավալների եւ կապիտալի շուկայում ներդրումների աճին»,- նշել է ԵԱԶԲ-ի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը՝ ընդգծելով ծրագրի նշանակությունը։ԵԱԶԲ-ի տեխնիկական աջակցության հիմնադրամը ստեղծվել է Բանկի գլխավոր առաքելության իրականացմանը արդյունավետ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հիմնադրամի միջոցները ձեւավորվում են ԵԱԶԲ-ի օրացուցային տարվա զուտ շահույթից եւ դոնորների միջոցներից:Հիշեցնենք, որ պետական պարտատոմսերի առաջնային շուկայի առեւտրային համակարգն արդեն իսկ հաջողությամբ գործարկվել է եւ շուկայի մասնակիցների ու թողարկողի կողմից արժանացել բարձր գնահատականի՝ շնորհիվ տարաբնույթ նորարարական լուծումների եւ հնարավորությունների, որոնք բացակայում էին նախորդ առեւտրային համակարգում։Հայաստանի ֆոնդային բորսայի մասինAMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաեւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձեւավորումը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առեւտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի եւ կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում: Tweet Դիտում՝ 4376