«Fvw DRV Destination Forum» միջոցառման շրջանակում Հայաստան են այցելել Գերմանիայի զբոսաշրջային ոլորտի շուրջ 70 ներկայացուցիչներ՝ բացահայտելու համար Հայաստանի զբոսաշրջային ներուժը։ՀՀ Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում են տուրօպերատորներ, զբոսաշրջային գործակալությունների, առեւտրային ասոցիացիաների, ավիաընկերությունների եւ լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ, որոնք երկու օր շրջել են Հայաստանի տարբեր տեսարժան վայրերով:«Fvw DRV Destination Forum»-ի նպատակն է ամրապնդել Հայաստանի եւ Գերմանիայի զբոսաշրջության ոլորտների միջեւ հարաբերությունները, առավել ճանաչելի դարձնել Հայաստանը Գերմանիայում եւ խթանել զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։«Մենք մեծ կարեւորություն ենք տալիս տուրիզմի ոլորտում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ իրականացվող նախագծերին, եւ այս 4-օրյա միջոցառումը վկայում է հայ-գերմանական տնտեսական կապերը զարգացնելու Հայաստանի հետաքրքրության ու շահագրգռվածության մասին»,- միջոցառմանը նվիրված ասուլիսին նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Ընդգծելով, որ Գերմանիան ԵՄ երկրներից Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերն է, նախարարը միաժամանակ նշել է, որ Գերմանիայի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից է, եւ այդ համագործակցության օրակարգում առաջնային է համագործակցությունը հենց զբոսաշրջության ոլորտում։«Հայաստանի համար այսօր առաջնային խնդիր է ավելացնել առավել գնողունակ զբոսաշրջիկների հոսքերը դեպի Հայաստան։ Եվ այս համատեքստում մեզ համար կարեւոր է համագործակցությունը մեր գերմանացի գործընկերների հետ, ինչի համար էլ նախաձեռնել ենք այս ֆորումը»,- ասել է Վահան Քերոբյանը։Նախարարը նաեւ հավելել է, որ չնայած կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումներին, այս տարի եւս նկատվում է Գերմանիայից այցելությունների աճի դինամիկա։Միջոցառման շրջանակում սեպտեմբերի 2-ին կկայանա հայ-գերմանական գործարար համաժողով, որի ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության ոլորտին առնչվող մի շարք հարցեր եւ գործընկերային կապեր կհաստատվեն ոլորտի տեղացի եւ միջազգային մասնագետների միջեւ։ Tweet Դիտում՝ 1811