ՄԻՊ. Խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցման գործընթացը հասցեական չէ

31.08.2021 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄԻՊ #Խնայբանկ #ավանդ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ 2020 թվականի ընթացքում Պաշտպանին շարունակվել են հասցեագրվել բողոքներ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման հասցեականության վերաբերյալ:

Նշվում է, որ 2021 թվականին կառավարությունը փոփոխություն է կատարել նախկին որոշման մեջ, որով ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմը բարձրացվել է եւ սահմանվել է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչեւ 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված մարդկանց 1936 թվականի փոխարեն:

«Իհարկե ողջունելի է, որ ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմի փոփոխությամբ ավանդի դիմաց փոխհատուցում ստացող անձանց շրջանակն ընդլայնվել է նաեւ 2020 թվականին, սակայն այդ փոփոխությամբ շահառուների հասցեականության խնդիրը չի լուծվել:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ ավանդների փոխհատուցման գործընթացն արդարացիորեն չի գոհացնում քաղաքացիներին: Մարդկանց դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ փոխհատուցման սահմանված հասցեատերերի շրջանակը նեղ է, իսկ ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմը՝ ցածր, արդյունքում՝ հնարավոր է լինի շահառուների մի շրջանակ, որոնք մահացած կլինեն առանց իրենց իրավունքն իրացնելու, առավել եւս՝ COVID-19 համավարակի պայմաններում. ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդի դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող անձինք գտնվում կորոնավիրուսային հիվանդության զարգացման բարձ ռիսկային խմբում:

Բացի այդ, ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, այն չի կարող անցնել այլ անձի (բացառությամբ՝ զոհվածների ժառանգների), լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանի վերլուծությունները ցույց են տալիս, որ ավանդների փոխհատուցման գործընթացում պետությունն ի սկզբանե նախատեսել է սոցիալապես խոցելի ավանդատուների սահմանափակ շրջանակ, ինչը չի բխում ծրագրի սոցիալական աջակցության սկզբունքներից:

Խնդիրներից մեկն էլ վերաբերում է ավանդների փոխհատուցման բարդ ընթացակարգին․ որոշմամբ նախատեսված չեն ավանդների փոխհատուցման հստակ միջանկյալ եւ վերջնական ժամկետներ, ինչը լրացուցիչ դժվարություն է ստեղծում ավանդների փոխհատուցման հարցում: Խոսքն այն իրավիճակների մասին է, երբ օրինակ՝ մարդը դիմել է սոցիալական աջակցության մարմին, սակայն մինչեւ ավանդի վճարումը (եթե ավանդը չի ներկայացվել վճարման) մահանում է. հաշվի առնելով ավանդների փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տարիքը՝ նշվածի հավանականությունը մեծ է: Տվյալ դեպքում ավանդատուի ավանդ ստանալու գույքային իրավունքը դադարում է:

Խնդիրը 2020 թվականի ընթացքում առավել ակնառու է եղել՝ պայմանավորված COVID-19 համավարակով: Համավարակի պատճառով փոխհատուցման գործընթացն ավել է ձգձգվել, այդ մասին են վկայում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները:

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ հաշվի առնելով նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ (նրանք հիմնականում տարեց անձինք են) անհրաժեշտ է ավանդների փոխհատուցման գործընթացը պարզեցնել, սահմանել հնարավորինս կարճ ժամկետներ՝ սոցիալական աջակցության այդ իրավունքը լիարժեք երաշխավորելու համար։
Դիտում՝ 1243
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW