ՀայՓոստ ընկերությունը գործարկել է SMS ծանուցում անվճար ծառայություն, որը հասանելի թե՛ ներհանրապետական, թե՛ միջազգային ծանրոց փաթեթների առաքման դեպքում: Այն հնարավորություն է տալիս SMS հաղորդագրության միջոցով տեղեկացնել առաքանու հասցեատիրոջը առաքանու գտնվելու վայրի վերաբերյալ: SMS ծանուցումից օգտվելու համար ընդամենը անհրաժեշտ է առաքանին ուղարկելիս տրամադրել ստացողի հեռախոսահամարը: ՀայՓոստը հաճախորդին ուղարկում է երկու հաղորդագրություն՝ ծանուցելով առաքանու՝ ինչպես Հայաստան, այնպես էլ փոստային բաժանմունք մուտք գործելու վերաբերյալ: SMS-ում առկա հղմամբ անցնելով՝ հաճախորդը նաեւ հնարավորություն է ունենում մեկ հպումով պատվիրել տուն առաքում: Հասցեական առաքումը նախատեսվում է իրականացնել հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում: «ՀայՓոստը զարգացման ռազմավարությունով մշտապես իրականացնում է թափանցիկ եւ բաց գործունեություն, իսկ հաճախորդների հետ հարաբերություններում առաջնորդվում ենք փոխշահավետ եւ համագործակցային գործելաոճով: SMS ծանուցման ծառայության ակտիվացումը եւս մեկ քայլ է, որով կկարողանանք մեր հաճախորդին ցուցաբերել անհատական մոտեցում եւ ապահովել որակյալ ծառայություն»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:ՀայՓոստը գործարկել է նաեւ լրացուցիչ հաղորդագրության ծառայություն հաճախորդին՝ Մաքսատան կողմից առաքանու պահվելու դեպքում՝ խնդրելով ներկայանալ մաքսատուն՝ համատեղ զննման նպատակով՝ միաժամանակ տրամադրելով Մաքսատան հեռախոսահամար եւ հասցե: Ընկերության հասցեական առաքումն այժմ հասանելի է Երեւան, Վաղարշապատ եւ Աբովյան քաղաքներում: Առաջիկայում նախատեսվում է ծառայությունը մատուցել հանրապետության ողջ տարածքում: Tweet Դիտում՝ 1705