Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան, ծանոթացել կառավարման եւ անվտանգության ապահովման համակարգերին։«Մեր երկիրը հետպատերազմյան այս փուլում բարդ իրականության մեջ է, եւ յուրաքանչյուրս մեր աշխատանքը վերանայելու, դրան նորովի վերաբերվելու կարիք ունենք՝ անկախ նրանից, թե ինչքան ժամանակ ենք աշխատում տվյալ պաշտոնում։ Անհրաժեշտ է տեսնել, թե էլ ինչ է պետք անել, որ մեր աշխատանքն է՛լ ավելի արդյունավետ դարձնենք, մեր պետության ու տնտեսության համար ավելի շատ օգտակար աշխատանք կատարենք, քանի որ յուրաքանչյուրիս ներդրած ջանքից է շատ բան կախված»,- ՀԱԷԿ աշխատակազմի հետ զրույցում ասել է Գնել Սանոսյանը։ ՏԿԵ նախարարին ներկայացվել են ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման եւ կայանի արդիականացման ծրագրի շրջանակներում պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021, 141 օր տեւողությամբ) աշխատանքների ընթացքը, հիմնանորոգվող եւ նորացվող համակարգերն ու սարքավորումները։ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նշել է, որ «ատոմակայանի արհեստավարժ մասնագետները նախատեսված ժամանակին եւ արդյունավետ կիրականացնեն իրենց առջեւ դրված կարեւոր խնդիրները»։«Հայկական ատոմային էլեկտրակայանը, հանրապետության համար կարեւորագույն ռազմավարական հիմնարկ եւ տնտեսության քարշիչ ուժը լինելով, մեծ դեր ունի նաեւ Արմավիրի մարզի աշխատանքային զբաղվածության ապահովման առումով»,- ասել է նա։ Tweet Դիտում՝ 1094