«Եկամտահարկի վերադարձի չեղարկման հարցը չի անցել պատշաճ քննարկում»

12.08.2021 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառուցապատողների հայկական ասոցիացիա» #եկամտահարկ
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ն իր խորին մտահոգությունն է հայտնում կապված այսօրվա Կառավարության հերթական նիստի ընթացքում օրակարգային հարցերի շրջանակում քննարկված` ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու հարցի վերաբերյալ, որը միտված է հիփոթեքին ուղղված եկամտահարկի վերադարձի չեղարկմանը:

Ասոցիացիայի այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հարցը Կառավարության նիստի օրակարգում ներառվել է առանց շահագրգիռ մարմիններում պատշաճ քննարկումներ եւ հանրային քննարկումներ կազմակերպելու, իսկ նախագիծը նախապես չի տեղադրվել e-draft.am կայքում:



«Նման մոտեցումը դատապարտելի է, քանի որ մինչ այս ոլորտային նախարարությունների հետ բոլոր հանդիպումների ընթացքում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչներին վստահեցրել են, որ համապարփակ քննարկումներից, բոլոր շահագրգիռ կողմերին լսելուց հետո միայն որոշում կկայացվի նման փոփոխության նպատակահարմարության, այդ փոփոխությունների ձևաչափի վերաբերյալ: Բոլոր հանդիպումների ընթացքում երբևէ խոսք չի եղել նախագիծը Կառավարության նիստի օրակարգ ներառելու մասին։

Այս համատեքստում շատ տարակուսելի է նաև այն հիմնավորումը, որ այս փոփոխությունները միտված են քաղաքաշինական ու տնտեսական առումներով հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը նպաստելուն, քանի որ որոշման բացասական հետևանքները շատ շուտով զգալու և կրելու ենք յուրաքանչյուրս»,- ասված է ասոցիացիայի հայտարարության մեջ։

Ասոցիացիայում նաեւ նշել են, որ որոշման արդյունքում կնվազի առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների պահանջարկը, կնվազեն նաև այս ոլորտում կառուցապատումն ու շինարարության ծավալները, որն էլ իր հերթին կազդի բյուջետային եկամուտների, աշխատատեղերի կրճատման, աշխատուժի արտագաղթի, տնտեսական ակտիվության, ներդրումների նվազման և բնակարանային պայմանները բարելավելու վրա։

«Ցավով պետք է փաստենք, որ մեր գործընկերները մեր կողմից նախաձեռնած բազմաթիվ հանդիպում-քննարկումների, ներկայացված թվային փաստարկումների արդյունքում այդպես էլ չկարողացան հասկանալ թե այս ծրագրի կարևորությունը, թե ընդհանրապես կառուցապատման` որպես տնտեսության շարժիչ ուժ լինելու հանգամանքը»,- նշել են «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ում։
Դիտում՝ 2606
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW