Առաջարկվում է Երեւանում դադարեցնել եկամտահարկի վերադարձի արտոնությունը

12.08.2021 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եկամտահարկ #բնակարանաշինություն #Տիգրան Խաչատրյան
Եկամտահարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը կփոփոխվի։ Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
 
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում ասել է, որ օրենսդրական փոփոխության նպատակը հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձին տարածքային համաչափ զարգացման նշանակություն եւ ավելի ընդգծված սոցիալական նշանակություն հաղորդելն է:

Նախարարը հիշեցրել է, որ արտոնությունը գործում է ավելի քան 5 տարի եւ արդյունքում լայն թափ ստացած կառուցապատման հիմնական ծավալը շարունակում է իրականացվել Երեւանում։

«Առաջին տարիների ընթացքում այն հատկապես իրականացվել է Երեւանի կենտրոնում եւ կենտրոնամերձ հատվածում եւ միայն վերջին տարիների ընթացքում է նկատվում կենտրոնից կառուցապատման հեռացվածության որոշակի ավելացում: Երեւանից դուրս բնակարանաշինությունը դեռեւս աննշան չափով է կրում այս արտոնության դրական ազդեցությունը. առ այսօր կառուցապատված բնակարաններում եկամտային հարկի արտոնության դիմաց շահառուների քանակը ընդամենը 7% է, մնացած 93%-ը գտնվել է Երեւանում»,- նշել է նա:

Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երեւանի կենտրոնում եւ դրան հարող հատվածում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2022թ. հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երեւանի առաջին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023թ. հունվարի 1-ից՝ Երեւանի երկրորդ գոտու, 2023թ. հուլիսի 1-ից՝ Երեւանի երրորդ գոտու, իսկ 2025թ. հունվարի 1-ից՝ Երեւանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ:

Այդպիսով, առաջիկա 3 տարում նոր կառուցապատումները կուղղորդվեն Երեւանի չորրորդ եւ ավելի բարձր գոտիներ եւ Երեւանից դուրս, իսկ 2025 թվականից, առանց ժամկետային սահմանափակումների՝ դեպի Երեւանից դուրս գտնվող քաղաքային եւ գյուղական բնակավայրեր, քանի որ այս ծրագրի շահառուներ կարող են լինել նաեւ անհատական բնակելի տներ կառուցողները:

Կառուցապատման մեջ գտնվող ծրագրերի համար պայմանները չվատթարացնելու եւ ներդրողների շահերը պաշտպանելու նպատակով՝ առաջարկվում է, որ ներկայում սահմանված արտոնությունները շարունակեն կիրառվել նաեւ այն կառուցապատումների նկատմամբ, որոնց շինարարական թույլտվությունները ստացված կլինեն մինչեւ 2022թ. հունվարի 1-ը: Եկամտային հարկի վերադարձը չի դադարեցվի այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչեւ սույն օրենքի ընդունումը կամ մինչեւ սույն օրենքով սահմանվող վերջնաժամկետները։ Այս շրջանակի անձինք շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային հարկի գումարները։

Ֆինանսների նախարարը նաեւ պարզաբանել է, որ շինարարական թույլտվությունների համար արտոնյալ ժամկետ է սահմանվում 2022թ. հունվարի 1-ը, եւ որպեսզի այն երկարաժամկետ ձգձգվող գործընթաց չդառնա, Ազգային ժողովի գործընկերների հետ համատեղ կաշխատեն՝ այս կիրառության առումով խելամիտ սահմանափակումներ մշակելու շուրջ, որոնք կնպաստեն տրված թույլտվությունների շրջանակում շինարարության արագ իրականացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ այն արտոնությունները, որոնք դուրս են գալիս, շարունակում են գործել մինչեւ 2022թ. հունվարի 1-ը ստացած շինթույլտվությունների համար, բայց կան հետագայում շինթույլտվությունները երկարացնելու, նորացնելու, թարմացնելու մեխանիզմներ:

«Մինչեւ 2022թ. հունվարի 1-ը տրված շինթույլտվությունն օգտվում է վերացող արտոնությունից, բայց պետք է վերջնաժամկետ սահմանենք, որպեսզի այդ ժամկետն առաձգական չլինի, շինարարությունը կոնկրետ ժամկետներում տեղի ունենա, եւ ներդրումը կոնկրետ ժամկետներում կատարվի: Նախագծի հետագա մշակման ընթացքում այդ նրբությունը պետք է անպայման հաշվի առնել»,- ասել է նա:
Դիտում՝ 3319
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW