Սննդի առաքման չինական ընկերությունը կտուգանվի $1 միլիարդով

09.08.2021 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չինաստան #Meituan #տուգանք
Չինաստանի իշխանությունները որոշել են տուգանել սննդի առաքման ոլորտի առաջատար՝ Meituan ընկերությանը շուրջ $1 միլիարդով՝ շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ի աղբյուրները:

Նրանց տեղեկություններով՝ դրա մասին կարող է հայտարարվել մի քանի շաբաթվա ընթացքում: Հակամենաշնորհային կարգավորիչի դժգոհությունը կապված է «ընտրել երկուսից մեկը» գործելակերպի հետ. Meituan-ը ստիպում է իր առաքման ծառայությանը միացած ձեռնարկություններին հրաժարվել մրցակիցների համանման հարթակների հետ համագործակցությունից, պարզաբանել են աղբյուրները:

Meituan-ի նկատմամբ հետաքննությունը սկսվել էր ապրիլին․ այն ժամանակ ընկերությունը հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ եւ պարտավորվեց ենթարկվել Չինաստանի հակամենաշնորհային օրենքներին:

Meituan-ը Չինաստանում սննդի առաքման ամենամեծ մատակարարն է, միաժամանակ զբաղվում է ապրանքների առցանց վաճառքով եւ հյուրանոցների ամրագրմամբ: Meituan-ի եկամուտը 2020 թվականին կազմել է $17,8 մլրդ, իսկ շուկայական կապիտալացումը՝ մոտ $170 մլրդ: Այս ծառայությունը դարձել է երրորդ ամենաթանկարժեք հանրային ինտերնետ ընկերությունը Չինաստանում` Tencent-ից եւ Alibaba Group-ից հետո, նշում է WSJ-ն:



Banks.am-ը հիշեցնում է, որ այս տարվա ապրիլին չինական Alibaba ինտերնետ հսկան տուգանվել էր $2,78 միլիարդով հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար: Չինաստանի հակամենաշնորհային կարգավորիչի հայտարարության համաձայն՝ հետաքննությունը հաստատել էր, որ Alibaba-ն վարել է քաղաքականություն՝ ստիպելով սպառողներին օգտագործել իր ծառայությունները «առանց ընտրության իրավունքի», ինչը «բացասաբար է ազդել չինական էլեկտրոնային առեւտրի շուկայի մրցակցային միջավայրի վրա»:
Դիտում՝ 1819
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW