Երեւանի երկաթուղային կայարանում ներկայացվել են միանգամից երկու նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքներ, որոնք Հարավկովկասյան երկաթուղին (ՀԿԵ) գնել է ռուսաստանյան արտադրողից`«Տրանսմաշհոլդինգ» ընկերությունից:Ինչպես նշել են ընկերությունում, էլեկտրագնացքները կսպասարկեն ներհանրապետական ուղերթները դեպի Գյումրի եւ Երասխ, ինչը զգալիորեն կբարձրացնի փոխադրումների հարմարավետության մակարդակը: Այսպիսով, ՀԿԵ-ն ունի արդեն 4 նոր շարժակազմ, եւ արդիականացման ծրագիրը հետեւողականորեն իրականացվում է:Հաջորդ տարի ՀԿԵ-ն նախատեսում է գնել եւս մեկ նոր էլեկտրագնացք եւ 50 նոր բեռնատար վագոններ:Միջոցառման շրջանակում ՀԿԵ-ն Բաց դռների օր կազմակերպեց մոտ 100 դպրոցականների համար, ովքեր ծանոթացան Երկաթուղու թանգարանի նորացված ցուցահանդեսին, ինչպես նաեւ ընկերության նոր շարժակազմին: Մոտ օրերս երիտասարդների շրջանում երկաթուղին հանրայնացնելու նպատակով ՀԿԵ-ն դպրոցականների համար նոր էլեկտրագնացքով Երեւանից Գյումրի շրջագայություն կկազմակերպի:«Էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղեւորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվեց էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին: Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երեւում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը: Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղեւորների համար։ Գնացքում ծխելն արգելում է»,- նշել են ընկերությունում:2020 թվականի առաջին կիսամյակում ՀԿԵ-ն ներհանրապետական հաղորդակցությունում տեղափոխել է 137 հազար ուղեւոր, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ գրեթե 180 հազար ուղեւոր՝ ապահովելով 31% աճ: Tweet Դիտում՝ 3648