Buy Armenian. Հայկական արտադրանքը հասանելի կդառնա աշխարհին

05.08.2021 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Buy Armenian #Վահան Քերոբյան #Օդաբաշյան
Երեւանում կայացել է Buy Armenian առցանց վաճառքի համահայկական հարթակի պաշտոնական մեկնարկն ազդարարող միջոցառումը, որի նպատակն էր հանրության լայն շրջանակին ներկայացնել նախաձեռնության բովանդակությունը եւ հարթակի հնարավորությունները։

Ամերիկահայ Լիլիթ եւ Նշան Օդաբաշյանների՝ «Գնի՛ր հայկականը» նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի հոկտեմբերին՝ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, ավելի ուշ գործարկվել է նաեւ Buy Armenian կայքէջը, որը կապող օղակ է դարձել Հայաստանի արտադրողների եւ Սփյուռքում բնակվող հայ սպառողների միջեւ։

«Մեզ համար մեր հայրենակիցների ջանքերով ստեղծված հարթակը կարեւոր է 3 պատճառով՝ այն զարգացնում է eCommerce-ը, աջակցում ՓՄՁ-երին եւ նպաստում արտահանման ծավալների ավելացմանը։ Եվ մեր կառավարությունը շատ մեծ ջանք է դնելու, որպեսզի փոքր եւ միջին ձեռնարկությունները դառնան հաջողակ մեր երկրում։

Այսօր նրանց դերը մեր տնտեսության մեջ շատ փոքր է՝ 27%։ Մենք պլանավորել ենք 5 տարվա ընթացքում կրկնապատկել նրանց մասնակցությունը եւ լայնամասշտաբ աջակցություն ենք ցուցաբերելու թե՛ կրթական, թե՛ որակի ենթակառուցվածքների, թե՛ ֆինանսական ռեսուրսների հասանելիության եւ արտահանման խթանման ուղղություններով։ Այդ ծրագրերն արդեն մշակման փուլում են»,- ասել է միջոցառմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Buy Armenian առցանց վաճառքի համահայկական հարթակը հայ արտադրողներին հնարավորություն է ընձեռել ներկայացնելու իրենց արտադրանքը։ Հարթակում արդեն իսկ գրանցված է 750 արտադրող, որոնք առաջարկում են շուրջ 5500 ապրանքատեսակ՝ սննդից մինչեւ ձեռագործ իրեր ու հագուստ, եւ նշված թվերն օրեցօր ավելանում են։
Դիտում՝ 5190

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW