Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է՝ ավարտին է հասնում Հայաստանի կառավարության եւ Եվրոպական միության համագործակցության արդյունքում «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացը, եւ մինչեւ 2021 թվականի ավարտը այն պետք է գործարկվի։ՊԵԿ-ում նշել են, որ Էլեկտրոնային համակարգը կհամապատասխանի միջազգային ամենաբարձր չափորոշիչներին, ինչի արդյունքում կպարզեցվեն եւ ավելի արագ ու հասանելի կդառնան մաքսային ծառայությունների մատուցումը, գրեթե բոլոր թույլատրական փաստաթղթերի ստացման գործընթացը։Էլեկտրոնային հարթակի միջոցով տնտեսվարողները եւ ֆիզիկական անձինք մաքսային ձեւակերպումների իրականացման եւ անհրաժեշտ թույլատրական փաստաթղթեր ստանալու նպատակով կարող են ցանկացած վայրից, ցանկացած պահի մուտքագրել սահմանով տեղափոխվող կամ տեղափոխման ենթակա ապրանքների վերաբերյալ բոլոր տվյալները՝ լրացնելով ընդամենը մեկ հայտ՝ «Մեկ պատուհան»-ում։ Համակարգը տեխնիկական անհրաժեշտ ստուգումներ իրականացնելուց հետո ինքնաշխատ կերպով կձեւավորի եւ կուղարկի անհրաժեշտ ենթահայտեր իրավասու բոլոր պետական գերատեսչություններին, ինչպես նաեւ արտաքին տնտեսական գործունեության իրականացման գործընթացում ներգրավված ոչ պետական կառույցներին։ «Մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի միջոցով կտրամադրվեն համապատասխան արտոնագրերը, լիցենզիաները, հավաստագրերը, այլ թույլատրական փաստաթղթերը եւ փորձագիտական եզրակացությունները, որոնք ավտոմատ կերպով հասանելի կդառնան մաքսային մարմիններին, ինչպես նաեւ կինտեգրվեն մաքսային մարմիններին ներկայացվող մաքսային հայտարագրերին։ Նոր հարթակի միջոցով հնարավորություն կստեղծվի նաեւ իրականացնել էլեկտրոնային եղանակով անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման համար նախատեսված պետական տուրքերի եւ այլ վճարների վճարումները։ Կապահովվի բոլոր գործընթացների հետագծելիության հասանելիությունը, եւ յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա հետեւել իր հայտավորած փաստաթղթերի ստացման գործընթացին։«Մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձեւակերպումների եւ թույլատրական փաստաթղթերի գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվի ժամանակ եւ ռեսուրս։«Մեկ պատուհան» համակարգի գործունեության վերաբերյալ անիմացիոն տեսանյութն՝ այստեղ։ Tweet Դիտում՝ 1215