Շառլ Միշել․ ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական միջոցները պետք է արագ կյանքի կոչվեն

17.07.2021 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Շառլ Միշել #ֆինանսական փաթեթ
Մենք Հայաստանի կողքին ենք եւ հաստատում ենք եւս մեկ անգամ. աննախադեպ՝ 2․6 մլրդ եվրոյի ֆինանսական փաթեթ ենք տրամադրելու Հայաստանին, որպեսզի աջակցենք երկրի առաջնահերթությունների իրականացմանը:

Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հանդես գալով հայտարարությամբ։

Նա առանձնացրել է այն հանգամանքը, որ «այդ ֆինանսական միջոցները տեսական կամ վիրտուալ չլինեն, այլ հնարավորինս արագ կյանքի կոչվեն, կոնկրետ ծրագրերի միջոցով իրագործվեն, պատասխանեն Հայաստանի կարիքներին տարբեր ոլորտներում՝ լինեն ենթակառուցվածքները, թվային ոլորտը, կլիմայական, տրանսպորտի բնագավառներին կամ աջակցելու ժողովրդավարական բարեփոխումների ծրագրի իրականացմանն ու առաջ մղմանը»:



Անդրադառնալով COVID-19-ի հետ առճակատմանը՝ Շառլ Միշելն ասել է, որ Եվրոպան փորձում է արտահանել պատվաստանյութեր եւ շարունակելու է այդ գործընթացը:

««Կովակս» ծրագիրն ենք իրագործում, որպեսզի ամբողջ աշխարհի համար հասանելի դառնան այդ պատվաստանյութերը: Որոշվել է առնվազն մինչեւ տարվա վերջ 100 000 դեղաչափ մոբիլիզացնել, որպեսզի կարողանանք պատասխանել համաշխարհային այս մարտահրավերին: Քանի դեռ այս առումով բոլորն անվտանգության մեջ չեն, աշխարհն ամբողջությամբ անվտանգության մեջ չի լինի»,- նշել է եվրոպացի պաշտոնյան:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել ԵՄ կողմից Արեւելյան գործընկերության շրջանակում Հայաստանում իրականացվելիք ծրագրերի համար շուրջ 2.6 մլրդ եվրո տրամադրելու մտադրության մասին:

«Ինչպես արդեն հայտնի է, այդ միջոցներով իրականացվելու են յոթ ուղենշային ծրագրեր, որոնք ի դեպ, ի սկզբանե այդ ուղենշային ծրագրերը հինգն էին, բայց հետագայում նաեւ ֆինանսական աջակցության ծավալի մեծացմանը զուգընթաց այդ ծրագրերի թիվն ավելացավ, որոնց թվում են նաեւ Հյուսիս-հարավի կառուցումը, Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, կանանց տնտեսական գործունեության եւ առաջնորդության քաջալերումը, բնապահպանական խնդիրների լուծումը ու կանաչ օրակարգի խթանումը, նորարարության, գիտության եւ տեխնոլոգիաների զարգացումը, ջրային եւ կրթական ենթակառուցվածքների ձեւավորումը:

Այդ ծրագրերի իրականացումը, հիրավի հիմնարար նշանակություն կարող է ունենալ մեր երկրի ենթակառուցվածքների զարգացման ու տնտեսական աճի ու զարգացման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետի պաշտոնակատարը մանրամասնել է այն ոլորտները, որոնց ուղղված կլինի 2.6 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցությունը․

«Առաջին ուղղությունը փոքր եւ միջին բիզնեսին աջակցությունն է, ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ այդտեղ շատ կարեւոր դեր ունի փոքր եւ միջին բիզնեսի նորարարությունը: Այսինքն՝ մենք ոչ միայն պարզապես աջակցելու ենք, այլ աջակցելու ենք փոքր եւ միջին բիզնեսի արդիականցմանը, նորացմանը եւ միջազգային ստանդարտներին համապատասխանեցմանը: Շատ կարեւորում եմ կանանց տնտեսական ակտիվության եւ առաջնորդության քաջալերումը, որովհետեւ ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա. նախկինում էլ այս թեմայի մասին խոսել եմ, մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, շատ կարեւոր է, որ կանանց տնտեսական պոտենցիալը լիարժեք ներառվի երկրի տնտեսական զարգացման գործում:

Հաջորդ ուղղությունը, որը շատ կարեւորում եմ, հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումն է: Այդտեղ նախնականորեն նախատեսվում է 80 մլն եվրոյի ծրագրեր իրականացնել: Այնտեղ էլ ամենատարբեր ենթակառուցվածքների, այդ թվում՝ գյուղատնտեսական, զարգացման մասին է խոսքը: Մենք նաեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում հավաքագրել ենք առանցքային խնդիրներ՝ խմելու ջրի մատակարարման, արոտավայրերին հասանելիության, ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ:

Կարծում ենք՝ հարավային շրջանները հատկապես  տուրիզմի շատ մեծ պոտենցիալ ունեն, եւ այս ոլորտին նույնպես աջակցություն պիտի ցուցաբերվի:

Հաջորդ ուղղությունը՝ Հյուսիս-հարավն է, որը կրկին մեծ մասամբ կապվում է եւ՛ հարավային, եւ՛ հյուսիսային շրջանների հետ: Առաջիկայում կհայտարարենք Սիսիան-Ագարակ հատվածի մրցույթը, որտեղ թունելներ եւ կամուրջներ կան, ընդ որում, դա լինելու է աննախադեպ ծավալի շինարարություն: Եվ այստեղ Եվրամիությունը պատրաստակամ է շուրջ 600 մլն եվրոյի աջակցություն ցուցաբերել, ինչը չափազանց կարեւոր է:

Հաջորդ ուղղությունը գիտության, տեխնոլոգիաների եւ թվայնացման ոլորտին է վերաբերում: Եվ մենք մտածում ենք այս ուղղության մի հատվածը նույնպես ուղղել կրթությանը, որովհետեւ կրթությունը լավագույն միջոցն է: Մենք ծրագրերը ոչ ամբողջ ծավալով ենք համաձայնեցրել Եվրամիության հետ: Այսինքն՝ վեկտորալ ուղղությունն ենք առայժմ քննարկում: Գիտեք, որ շատ լուրջ ծրագրեր ունենք կրթության ոլորտում, մասնավորապես, դպրոցների, մանկապարտեզների կառուցման գործում: Կարեւորում ենք նաեւ ջրամբարների կառուցման ծրագրերը:

Կարեւոր եմ համարում այն, որ բարեփոխումների առանձին փաթեթ է նախատեսված Երեւանի՝ Կանաչ Երեւանի եւ խելացի կառավարվող քաղաքի, մասնավորապես, երթեւեկության ոլորտում կառավարմանը, մետրոպոլիտենի զարգացմանը, որտեղ Եվրամիությունը բավականին շոշափելի դեր է ունեցել, եւ այդ ուղղություններով մենք կշարունակենք համագործակցությունը:

Այժմ հետեւյալ փուլում ենք. Եվրամիության կայացրած որոշումից հետո ինտենսիվ աշխատանք ենք իրականացնում: Արդեն իսկ, ըստ էության, պատրաստել ենք  «ճանապարհային քարտեզ»-ի նախագիծը եւ համոզված ենք, որ ակտիվ կումունիկացիայի միջոցով այդ ծրագրերը պիտի առաջ տանենք: Այո, պիտի առաջիկա 4-5 տարվա ընթացքում 2.6 մլրդ եվրոյի ծրագրերն իրականացնենք, ինչը լուրջ խթան կդառնա Հայաստանի տնտեսական զարգացման համար»:

Շառլ Միշելն էլ երաշխավորել է, որ որ այս հսկա ֆինանսական փաթեթը կոնկրետ եւ տեսանելի արդյունքներ կբերի ՓՄՁ-ների, քաղաքացիների համար՝ հավելյալ արժեք ստեղծելով:
Դիտում՝ 2056
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW