Հայաստան այցելած Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին այսօր հայտնել է, որ որպես նվեր տնտեսական եւ ֆինանսական ներդրումների ծրագիր են բերել Հայաստան՝ հետքովիդային ճգնաժամը հաղթահարելու համար։ «Մենք պատրաստ ենք ներդրումն օպերատիվ ձեւով իրագործել Հայաստանի տնտեսական վերականգնման համար։ Այս ծրագրի վրա աշխատել ենք Հայաստանի կառավարության հետ միասին։ Դրա արդյունքում պետք է տնտեսական աճն ու աշխատատեղերի ավելացումը հնարավորինս արագորեն ապահովվեն համավարակից հետո, քանի որ Հայաստանն ու ժողովուրդն աշխատատեղերի եւ տնտեսական աճի կարիք ունեն»,- ասել է Օլիվեր Վարհեին:Նա հայտնել է, որ ծրագիրը ներառում է 5 առաջնահերթ ոլորտ, որոնց միջոցով հաջորդ 4-5 տարիների ընթացքում երկիրն ավելի դիմադրողունակ տնտեսություն կունենա:«Ծրագիրը ներառում է տրանսպորտային կապակցվածություն, հարավային շրջանների վերականգնում, էներգախնայողություն եւ վերականգնվող էներգետիկա, թվային վերափոխում եւ աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկություններին: Այս ամբողջի համար €2,6 մլրդ ենք համախմբում Հայաստանում: Կարծում եմ՝ այս ծրագիրը լրջագույն հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար: Լիահույս եմ, որ կարող ենք Հայաստանի կառավարության հետ ակտիվ աշխատել, որպեսզի սա իրականություն դառնա: 4 տարի ժամանակ ունենք՝ արդյունքներն ապահովելու համար»,- նշել է ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատարը: Tweet Դիտում՝ 6759