Ռուս փորձագետ. Հայաստանի բանկային համակարգում նկատելի են հակամրցակցային համաձայնության երեւույթներ

11.07.2008 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով## /ՏՄՊՀ/ շարունակում է բանկային համակարգում մրցակցային կանոնների հնարավոր խախտումներին վերաբերող վարույթը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, գործի վարույթը հարուցվել էր ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանի դիմումի հիման վրա:

ԿԲ նախագահը, մասնավորապես, հայտնել էր, որ որոշ բանկերի կողմից ֆինանսական ծառայությունների մատուցման ընթացքում որպես նախապայման հաճախորդներին առաջարկվում է օգտվել կոնկրետ ապահովագրական, գնահատման եւ այլ կազմակերպությունների կողմից մատուցվող օժանդակ ծառայություններից, ինչը կարող է մրցակցային կանոնների խախտման վկայական հանդիսանալ:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել է ՏՄՊՀ մամլո քարտուղար Արմինե Ուդումյանը, Հայաստանի ու Ռուսաստանի բանկային օրենսդրությունները համեմատելու նպատակով հանձնաժողովը ներգրավել էր ռուս փորձագետ Օլգա Օլենկինային: Նիստի ընթացքում, որին մասնակցել են ներկայացուցիչներ ԿԲ-ից ու առեւտրային բանկերից եւ Հայաստանի Բանկային միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը, ռուս փորձագետը ներկայացրել է իր եզրակացությունը, որի համաձայն Հայաստանի բանկային համակարգում նկատելի են հակամրցակցային համաձայնության երեւույթներ:

Մամլո քարտուղարի խոսքերով, վարույթը շարունակվում է, եւ վերջնական որոշումը կկայացվի ՏՄՊՀ առաջիկա նիստերից մեկում:

Դիտում՝ 7478

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW