Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը (ՇՏՀ) կրթադաստիարակչական, գիտահետազոտական եւ ուսումնամեթոդական ոլորտներում կիրականացնեն փոխշահավետ համագործակցություն: Նշվածի շուրջ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը եւ ՇՏՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն այսօր ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։ Ինչպես նշել են ՀՊՏՀ մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնում,հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը եւ ԵՊՀ նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Մարկոսյանը։Դիանա Գալոյանը եւ Հովհաննես Թոքմաջյանը քննարկեցին համաձայնագրով նախատեսվող համագործակցային ուղղությունները, մասնավորապես անդրադարձան վերապատրաստումներին, համատեղ հետազոտությունների իրականացմանը եւ գրադարանային ֆոնդերի օգտագործման խնդիրներին։Հովհաննես Թոքմաջյանը կարեւորել է հետպատերազմյան նոր իրողությունների պայմաններում համալսարանի կենսագործունեության շարունակականության ապահովումը եւ ուսումնական, գիտահետազոտական ուղղությունների զարգացումը, ինչպես նաեւ համաձայնագրով նախատեսված մյուս ուղղությունները՝ համատեղ ծրագրերի մշակում, դասախոսների եւ ուսանողների ակադեմիական փոխանակում, տեղեկատվական եւ մարզամշակութային միջոցառումների իրականացում։ ՇՏՀ ռեկտորը համոզմունք հայտնեց, որ ՀՊՏՀ-ի հետ համագործակցությունը կլինի բարեհաջող եւ արդյունավետ։ՀՊՏՀ ռեկտորն ընդգծեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ համագործակցության իր պատրաստակամությունը եւ որպես մեկնարկ՝ ՇՏՀ 5 ուսանողների հրավիրեց մասնակցելու Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում հուլիսի 19-22-ը կազմակերպվող ASUE Educational Camp ամառային կրթական ճամբարին։ Tweet Դիտում՝ 2932