$3.2 մլն՝ ՀՀ սահմանամերձ մարզերի խոցելի համայնքներին աջակցելու համար

30.06.2021 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերգեյ Կոպիրկին #Միհաելա Ստոյկոսկա #ՄԱԶԾ
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի առավել խոցելի համայնքներին եւ խմբերին՝ ներառյալ տեղահանվածներին, աջակցություն տրամադրելու ծրագրի մեկնարկի վերաբերյալ:

Ծրագիրը, մասնավորապես, կթիրախավորի Հայաստանի սահմանամերձ՝ Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերը: $3.2 միլիոնի ծրագիրը ֆինանսավորվում է ՌԴ կառավարության կողմից եւ իրականացվում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի միջոցով:

«Ծրագիրը համահունչ է ներառական աճի, ձեռներեցության եւ աշխատատեղերի ստեղծման միջոցով աղքատության դեմ պայքարի ՀՀ կառավարության օրակարգին եւ նպատակ ունի Հայաստանի մարզերում ստեղծել կայուն ապրուստի միջոցներ անապահով խմբերի համար՝ ներառյալ տեղահանվածները եւ վետերանները, աշխատատեղերի ստեղծման տարատեսակ մեխանիզմների միջոցով աջակցել նրանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը, առավելագույնի հասցնել սոցիալտնտեսական վերականգնման օգուտները համայնքների եւ խոցելի խմբերի համար՝ միեւնույն ժամանակ տրամադրելով կայուն  եւ կանաչ էներգիայի լուծումներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Այսօր մեկնարկած ծրագրի հիմնական նպատակներից մեկն է նպաստել հայ հասարակության հետկոնֆլիկտային սթրեսը հաղթահարելուն, վերականգնելու վստահությունն ու առաջ շարժվելու ուժը. այն, ինչին մենք, որպես հիմնական ռազմավարական դաշնակից, մեծ նշանակություն ենք տալիս: Այս նախաձեռնությունը եւս մեկ քայլ է Ռուսաստանի հետեւողական եւ համակարգված աջակցությանը Հայաստանի համապարփակ ,սոցիալ-տնտեսական զարգացմանը, որն իրականացվում է երկկողմ եւ միջազգային մեխանիզմներով»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը:

«ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը՝ ՌԴ ֆինանսական աջակցությամբ, ոչ միայն հոգալու է Հայաստանի խոցելի համայնքների եւ խմբերի անմիջական կարիքները՝ այդ թվում կենսապահովման, բնակարանային, աշխատատեղերի, էներգիայի եւ այլ հարցեր, այլ նաեւ կայուն լուծումներ է առաջարկելու, որոնք ավելին են քան մարդասիրական օգնությունը եւ ուղենշում են զարգացման ճանապարհ՝ օժանդակելով ապաստանող համայնքների զարգացմանը ու թեթեւացնելով Հայաստանի կառավարության բեռը»,- իր հերթին նշել է Միհաելա Ստոյկոսկան:

ՄԱԶԾ-ն եւ ՌԴ-ն հաջող գործընկերության երկարատեւ պատմություն ունեն կայուն զարգացման, գյուղական զբոսաշրջության, կլիմայի փոփոխության, էներգիայի եւ շրջակա միջավայրի պահպանման ոլորտներում: Ընթացիկ երկամյա ծրագիրը կիրականացվի ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ:
Դիտում՝ 4042
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW