ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հարկ վճարողներին հորդորում է վճարումները կատարելիս ստուգել հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) առկայությունը համապատասխան դաշտում՝ տույժերի գանձումից խուսափելու համար։ ՊԵԿ-ում նշել են, որ հաճախ բանկի կամ վճարային տերմինալի միջոցով հարկերը վճարելիս տնտեսվարողի ՀՎՀՀ-ն նշված է լինում այլ դաշտում կամ առհասարակ բացակայում է, ինչի պատճառով վճարումը չի հաշվառվում հարկերի միասնական հաշվում։ ՊԵԿ հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչության մոնիտորինգի բաժնի աշխատակիցները հեռախոսազանգերի միջոցով հարկ վճարողներին զգուշացնում են վրիպման մասին, սակայն կարգավորող օրենքի համաձայն՝ վճարումը հաշվառվում է սխալը ճշգրտելու մասին դիմումը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելուց հետո: Հետեւաբար տույժերից խուսափելու համար անհրաժեշտ է համոզվել, որ ՀՎՀՀ-ն նշված է ճիշտ դաշտում, եւ կատարված վճարումը հաշվառված է միասնական հաշվում: Մոնիտորինգի բաժինն ուղղումներ է կատարում նաեւ պետական բյուջե կատարած այլ վճարումներում՝ դրոշմանիշային վճարի կամ պետական տուրքի վճարման հանձնարարականներում, բացթողումներ լինելու դեպքում: 2021թ․ հունվար-մայիս ամիսների ընթացքում կատարված ճշգրտումների արդյունքում հարկերի միասնական հաշվեհամարին հաշվառվել է 280մլն դրամ, իսկ 755 վճարման հանձնարարականներում հարկ վճարողների տվյալների ճշգրտման արդյունքներով հաշվառվել է 30 մլն դրամ:«Հարկ վճարողները հաճախ սխալվում են նաեւ օրենքի չիմացության հետեւանքով: Օրինակ՝ աշխատողին աշխատանքից ազատելու փոխարեն տնտեսվարողը չեղարկում է գրանցման հայտը, ինչի հետեւանքով եկամտային հարկի եւ սոցիալական վճարների հաշվարկը ճշգրտելիս ԱՎՈՒՄ-ի տվյալները չեղարկվում են։Արագ արձագանքման եւ էլեկտրոնային ծանուցումների եղանակով հարկային մարմինը հարկ վճարողների հետ գործընկերային երկխոսություն է հաստատում: Տնտեսվարողները հնարավորություն են ստանում շտկելու տեխնիկական վրիպակները կամ օրենքի չիմացությամբ թույլ տված սխալները՝ տույժերից եւ տուգանքներից խուսափելու համար»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 913