IPO-ների համաշխարհային շուկան այս տարի ռեկորդային ցուցանիշներ է սահմանել

28.06.2021 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#IPO #Bloomberg #Didi
2021 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում ընկերություններն ամբողջ աշխարհում IPO-ների շրջանակում ներգրավել են $350 միլիարդ, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:

Այսպիսով, IPO-ների համաշխարհային շուկան սահմանեց անցած տարվա առաջին կիսամյակի ռեկորդը, երբ առաջնային տեղաբաշխումների ծավալը կազմեց շուրջ $282 միլիարդ։

IPO-ների գլոբալ բումը սկսվեց 2020 թվականին՝ կորոնավիրուսային համավարակի ֆոնին, երբ շուկայում գերակշռում էին հեռահար աշխատանքի եւ տնային ժամանցի տեխնոլոգիաները: Ներկայումս ներդրողներն առավելապես հետաքրքրված են վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատող ընկերություններով ու առցանց ռիթեյլերներով։

Այնուամենայնիվ, տեխնոլոգիական ընկերությունները շարունակում են պահանջված մնալ: ԱՄՆ-ում 2021 թվականի ամենախոշոր IPO-ներից մեկը կարող է դառնալ չինական Didi տաքսի ծառայության ցուցակումը, որը Նյու Յորքում IPO-ի ընթացքում ակնկալում է ստանալ ավելի քան $60 միլիարդի գնահատում եւ ներգրավել ավելի քան $4 միլիարդ:

Ինչպես նշում է Bloomberg-ը, առաջնային տեղաբաշխումների ռեկորդային ցուցանիշներն այս տարի հիմնականում պայմանավորված են աճող ֆոնդային շուկաներով եւ մասնավոր ներդրողների ակտիվությամբ, որոնք պատրաստ են գնել իրենց կողմից սիրված ընկերությունների բաժնետոմսերը: IPO-ի շուկայի աճին նպաստում են նաեւ կենտրոնական բանկերի կողմից դրամական միջոցների ներարկումները տարբեր երկրների տնտեսությունների մեջ:

Ստեղծված իրավիճակի հիմնական շահառուները համաշխարհային ներդրումային բանկերն են, որոնք գումար են վաստակում խորհրդատվական ծառայությունների եւ տեղաբաշխման վրա: Իսկ բորսա դուրս գալ ցանկացող ընկերությունների համար ավելի դժվար է դարձել. շուկայի գերհագեցածության պատճառով ներդրողները շատ ավելի բծախնդիր են դարձել:
Դիտում՝ 2299
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW