ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու Կոնվերս Բանկը հուշագիր են ստորագրել կրթության եւ մշակութային հուշարձանների պահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Հուշագրով նախատեսվում է մարզային բնակավայրերի երիտասարդների էկոլոգիական կրթությանը, մշակութային հուշարձանների պահպանությանն ու հայրենաճանաչության խթանմանն ուղղված մի շարք համատեղ միջոցառումների իրականացում: Յուրաքանչյուր տարի 4-5 մարզում՝ հուշարձաններին, եկեղեցիներին հարող կամ հանրային այլ վայրերում կկատարվեն մաքրման եւ դրանց շուրջ կանաչ գոտիների ստեղծման աշխատանքներ, որոնցում կներգրավվեն նաեւ բուհերի մասնագիտացված ֆակուլտետների ուսանողները: Կկազմակերպվեն փոխադարձ ճանաչողական միջմարզային այցեր, ինչպես նաեւ մասնակի կփոխհատուցվի 3 ակտիվ մասնակիցների բուհական եւ միջին մասնագիտական կրթության առաջին տարվա ուսման վարձը: Նշված միջոցառումներում կներգրավվեն բանկի կողմից մրցութային հիմունքներով ընտրված եւ նախարարության կողմից հաստատված սահմանամերձ համայնքների պետական հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Կոնվերս Բանկին եւ նշել է, որ «ցանկացած հարցի խորքային լուծումը սկսվում է կրթությունից»: Նա ասել է, որ բարեփոխման փուլում գտնվող հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչներում շեշտված են բնապահպանական եւ շրջակա միջավայրի ճանաչողության խնդիրները: «Բնապահպանական եւ կրթության, այդ թվում՝ էկոկրթության զարգացմանն ուղղված աջակցությունը մշտապես եղել է մեր բանկի ուշադրության կենտրոնում: Այդ ոլորտում հաջողված նախագծերի իրականացման փորձ ունենք թե՛ առանձին, թե՛ տարբեր հասարակական, պետական կառույցների հետ գործակցության շրջանակում, քանի որ մասնավոր-հանրային-պետական եռաչափ կամ երկչափ համագործակցությունը տալիս է աշխատանքի ավելի լայն ու ընդգրկուն հնարավորություններ, հաջողված ծրագրերի իրականացման նոր հորիզոններ է բացում»,- նշել է Կոնվերս Բանկի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը: Tweet Դիտում՝ 1917