Կառավարությունն այսօր որոշել է երկարաձգել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը։ Հայաստան թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների նախորդ արգելքի մասին որոշումն ուժի մեջ էր մտել 2020թ․ դեկտեմբերի 31-ից եւ հուլիսի 1-ին լրանում է 6-ամսյա ժամկետը։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը պարզաբանել է, որ արգելքի վեցամսյա ժամկետը սահմանվել է՝ հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական միության դրույթը, որի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետություններն երրորդ երկրների հետ առեւտրում առավելագույնը վեց ամիս ժամկետով կարող են միակողմանի կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ։ Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստում ասել է, որ կա նոր որոշման անհրաժեշտություն, որով կնախատեսվի եւս 6 ամսով երկարաձգել թուրքական ծագում ունեցող հիմնական, վերջնական սպառման ապրանքների ներմուծումը Հայաստան։ «Արգելքը պետք է դիտարկել ոչ միայն որպես Թուրքիայի նկատմամբ տնտեսական բնույթի սանկցիա, այլեւ՝ անվտանգության տեսանկյունից, հայաստանյան աղբյուրներից այդ երկրի պետական գանձարանի ֆինանսավորման դադարեցում»,- ասել է նա։ Վահան Քերոբյանը նաեւ նշել է, որ նախորդ ամիսների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Թուրքիայից ընդհանուր ներմուծման ծավալները նվազել են մոտավորապես 70%-ով եւ կտրուկ փոխվել է ներմուծվող ապրանքների կազմը։ «Եթե նախկինում ներմուծվել են ավիավառելիք, ցիտրուսային մրգեր, բանջարեղեն, մաքրող միջոցներ, տրիկոտաժե գործվածք, ապա այժմ հիմնականում ներմուծվում է շինանյութ, տրիկոտաժե եւ բամբակյա գործվածք, բնական կաշի»,- ասել է նախարարի պաշտոնակատարը։ Tweet Դիտում՝ 805