ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021 թվականի մայիս ամսվա ցուցանիշները: Մասնավորապես, 2021թ. մայիսի տվյալներով՝ եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 635 հազար, ինչը 2021 թվականի ապրիլի համեմատ՝ ավելի է շուրջ 8.5 հազարով, 2020թ. մայիս ամսվա համեմատությամբ՝ 37 հազարով, 2019թ. մայիս ամսվա համեմատությամբ` 34 հազարով, իսկ 2018թ. մայիս ամսվա համեմատությամբ՝ 87 հազարով: Միաժամանակ, 2021թ․ մայիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել է նաեւ աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 134.7 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2020թ. մայիս ամսվա նույն ցուցանիշին` 16.2 %-ով, 2019թ. մայիս ամսվա ցուցանիշին`19.8 %-ով, իսկ 2018թ. մայիս ամսվա ցուցանիշին` 39.3 %-ով:2021թ. մայիս ամսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաեւ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝ կազմելով շուրջ 212 հազար դրամ: 2020թ. մայիս ամսվա այս ցուցանիշը կազմել է 194 հազար դրամ, 2019թ.`187 հազար դրամ, իսկ 2018 թվականին` 176 հազար դրամ:ՊԵԿ-ում հիշեցրել են, որ 2020թ. սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն աննախադեպ էր եւ Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն 2021թ. մայիս ամսին գերազանցվել է նաեւ այդ ցուցանիշը: Tweet Դիտում՝ 1007