ԿԲ․ Արտաքին հատվածից ակնկալվում է էական գնաճային ազդեցություն

15.06.2021 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #գնաճ #վերաֆինանսավորման տոկոսադրույք
ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) տեղեկացնում է, որ 2021թ. մայիսին արձանագրվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնանկման դիմաց։ 12-ամսյա գնաճը նվազել է եւ կազմել 5.9%, 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է արագանալ՝ մայիսի վերջին կազմելով 7.4%։

Նշվում է, որ 2021թ․ երկրորդ եռամսյակում, պայմանավորված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման դրական ազդեցություններով եւ զգալի խթանող քաղաքականությունների իրականացմամբ՝ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում արձանագրվում են տնտեսական ակտիվության եւ համախառն պահանջարկի՝ սպասվածից ավելի արագ վերականգնման միտումներ:

«Համաշխարհային պահանջարկի արագ աճի եւ մի շարք ապրանքային շուկաներում առաջարկի սահմանափակ հնարավորությունների հետեւանքով հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է բարձր գնաճային միջավայր: Նշված առաջարկի եւ պահանջարկի գործոններով պայմանավորված՝ գործընկեր երկրներում կանխատեսվում են նախկին գնահատականների համեմատ ավելի բարձր գնաճի մակարդակներ։ Նման իրավիճակում ԿԲ Խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ԿԲ-ի՝ ընթացիկ զարգացումները նախանշում են ՀՀ տնտեսական աճի սպասվածից ավելի արագ վերականգնման միտումների մասին՝ հիմնականում պայմանավորված արդյունաբերության եւ ծառայությունների ճյուղերի ավելի դրական զարգացումներով։

Նշվում է, որ համախառն պահանջարկը եւս վերականգնվում է կանխատեսվածից ավելի արագ տեմպերով, որին հիմնականում նպաստում են համաշխարհային պահանջարկի արագ աճը, արտերկրից դրամական փոխանցումների ավելացումը եւ մասնավոր սպառման աճի բարձր տեմպը, մինչդեռ մասնավոր ներդրումային ակտիվությունը շարունակում է մնալ թույլ:

«Մասնավոր սպառման բարձր աճին նպաստում են վարկավորման՝ սպասվածի համեմատ ավելի դրական զարգացումները եւ բնակչության մոտ նախկինում կուտակված խնայողությունների ծախսումը՝ արտահայտելով նաեւ հասարակության մոտ գնաճային սպասումների ավելացման հանգամանքը։ Արդյունքում, արտադրական կարողությունների նկատմամբ պահանջարկի առաջանցիկ աճի պայմաններում, ՀՀ ներքին տնտեսական զարգացումներից եւս կանխատեսվում են հիմնականում գնաճային ազդեցություններ»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:
 
Կենտրոնական բանկի Խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ հաշվի առնելով արտաքին հատվածից եւ ՀՀ տնտեսությունից սպասվող գնաճային ազդեցությունները։ Խորհուրդը նաեւ դիտարկում է առաջիկայում դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտություն։



«Նման պայմաններում կանխատեսվում է, որ կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետեւ աստիճանաբար կնվազի եւ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ»,- հայտնել են ԿԲ-ից։

Նշվում է նաեւ, որ տնտեսական հեռանկարների մասով դեռեւս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են եւ դրանց դրսեւորման պարագայում ԿԲ Խորհուրդը  պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:
Դիտում՝ 1144
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW