ՊԵԿ-ն ակտիվացրել է երկխոսությունը հարկատուների հետ
15.06.2021 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՊԵԿ



ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մոնիտորինգի կենտրոնում ՀԴՄ-ների, հաշվարկային փաստաթղթերի միջոցով իրականացվող գործարքներից բացի՝ իրականացվում է նաեւ եկամտային հարկի հայտարարագրման եւ աշխատողների ձեւակերպման մոնիտորինգ, ինչի հետեւանքով հարկ վճարողների հետ ծանուցումների եղանակով երկխոսությունն ակտիվացել է:
ՊԵԿ-ում նշել են, որ ամսվա ընթացքում կենտրոնը հարկ վճարողներին ուղարկում է շուրջ 3000 ծանուցում եւ նրանցից ստանում մոտ 600 բացատրություն:
Ինքնաշխատ համակարգի վերհանած ռիսկերը կրկնակի վերլուծում են մասնագետները` հաշվի առնելով հարկ վճարողի փաստացի գործունեության տեսակը, գործունեության իրականացման վայրը, սեզոնայնությունը եւ այլ առանձնահատկություններ, որպեսզի հարկ վճարողներին ուղարկվող ծանուցումները տեղին եւ հիմնավոր լինեն: Ռիսկային վարքագծի վերաբերյալ ՊԵԿ հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչության մոնիտորինգի բաժինն էլեկտրոնային ծանուցումներն ուղարկում է հարկ վճարողների անձնական գրասենյակներին հաշվետվությունների ներկայացման համակարգի միջոցով:
Բացահայտվում են ինչպես օրենքի չիմացության, այնպես էլ հնարավոր շրջանցման դրսեւորումներ:
«Օրինակ՝ երկու տարբեր հասցեներում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերը, որը չունի վարձու աշխատող, սննդամթերքի երկու խանութներում ՀԴՄ-ով գործարք է կատարում նույն ժամին, ինչը ֆիզիկապես հնարավոր չէ, հետեւաբար հնարավոր է` առկա է չգրանցված աշխատողի ռիսկ»,- ասել է ՊԵԿ մոնիտորինգի բաժնի պետ Արմինե Նահապետյանը:
Նման դեպքերում ՊԵԿ հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչության մոնիտորինգի բաժինը ծանուցումներն ուղարկում է համապատասխան հաշվարկի ներկայացման վերջնաժամկետին հաջորդող մինչեւ 5-րդ աշխատանքային օրը, ինչը հնարավորություն է տալիս հարկ վճարողներին խուսափել լրացուցիչ տույժերից:
Վարքագիծը չփոխելու, ծանուցումներին չարձագանքելու կամ հիմնավոր բացատրություններ չստանալու դեպքում հարկ վճարողների վերաբերյալ տվյալներն ուղարկվում են ՊԵԿ-ի այլ ստորաբաժանումներ:
«Նախազգուշացմանը հաջորդում են հսկողական միջոցառումները՝ պարզելու համար որքանով է մոնիտորինգով բացահայտված ռիսկը ճիշտ: Բացի այդ, արդյունքներն օգնում են վերանայել եւ կատարելագործել չափանիշների համակարգը»,- նշել է ՊԵԿ մոնիտորինգի բաժնի պետը: Նրա դիտարկմամբ` բիզնեսի հետ երկխոսության այս ձեւաչափի շնորհիվ ոչ օրինապահ վարքագիծ ունեցող հարկ վճարողները կարող են ինքնուրույն եւ ամբողջությամբ հայտարարագրել հարկերը` չսպասելով տեսուչների այցին։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: