Հունիսի սկզբին համագործակցության պայմանագիր է կնքվել «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի եւ «World Media & Events»-ի միջեւ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի, տուրիստական ենթակառուցվածքների եւ ոլորտի մասնագետների կարողությունները զարգացնելու նպատակով։ Սույն պայմանագրով TUF հիմնադրամը, որը միտված է Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ զբոսաշրջային եւ քաղաքաշինական նախաձեռնությունների միջոցով եւ Հայաստանում տուրիստական շղթաների ապակենտրոնացված մոդելի ձեւավորմամբ, կսկսի նոր համագործակցություն «World Media & Events»-ի հետ, որը գործարկում է Զբոսաշրջության համաշխարհային մրցանակաբաշխությունը (World Travel Awards)։ Վերջինս հիմնադրվել է 1993 թ․-ին՝ ճամփորդության, զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտների ճանաչման, պարգեւատրման եւ տոնակատարության համար։ Այս համագործակցության շրջանակում TUF հիմնադրամը կազմակերպել էր Զբոսաշրջության համաշխարհային մրցանակաբաշխության հիմնադիր եւ տնօրեն Գրեմ Քուքի այցը դեպի Հայաստան։ Իր եռօրյա այցի ընթացքում Գրեմ Քուքն այցելեց Հայաստանի ամենադիտարժան եւ զբոսաշրջային գրավչություն ունեցող վայրերը՝ Գառնի, Գեղարդ, Դիլիջան, Տաթեւ, ինչպես նաեւ Երեւանում Ցեղասպանության թանգարան եւ Մատենադարան։ Նա մասնակցեց նաեւ Երեւանի Գինու Օրերին։ «Այս համագործակցությունը հնարավորություն կտա Հայաստանին հայտնվել մի նոր մակարդակում եւ դառնալ ավելի տեսանելի միջազգային զբոսաշրջության ոլորտում, հայկական մշակույթն ու տեսարժան վայրերը ընդգրկել Զբոսաշրջության համաշխարհային մրցանակաբաշխության անվանակարգերում։ Բացի այդ մենք համաձայնություն ձեռք բերեցինք 2022թ․-ին Հայաստանում գինու եւ խոհարարական օրերի միջազգային փառատոն կազմակերպել եւ այդ ուղղությամբ սկսել աշխատանքներ տանել»,- ասել է «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի տնօրեն Ելենա Աբովյանը։ «Համագործակցության նպատակն է բարձրացնել Հայաստանում ներգնա տուրիզմի մակարդակը, բարելավել Հայաստանի դիրքը՝ որպես տուրիստական ուղղություն համաշխարհային զբոսաշրջային շուկայի համար, ամրապնդել զբոսաշրջության եւ հարակից ոլորտներում մասնագիտական համայնքի միասնությունը, բարելավել տուրիզմի եւ հյուրընկալության մասնագիտությունների եւ աշխատատեղերի իմիջը, զարգացնել զբոսաշրջության ոլորտի մասնագետների կարողությունները, աջակցել պետական գործակալություններին` համապատասխան հանրային քաղաքականության մշակման եւ Հայաստանում զբոսաշրջության զարգացման ռազմավարության իրականացման, ինչպես նաեւ կիրառելի օրենքների եւ կանոնակարգերի մշակման եւ կատարելագործման համար»,- ասված է IDeA հիմնադրամի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 6373