Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան (ՀՀԱ) հայտարարել է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը հավաստող տարբերանշանի սահմանման մասին նախագծի ընդունումը մի շարք խնդրահարույց կետեր կառաջացնի։ Դեռեւս մշակման փուլում գտնվող հրամանի նախագիծը 2021թ. մայիսի 21-ին Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Ասոցիացիային եւ հայցել դրա վերաբերյալ դիրքորոշում:«Նշված նախագծով պլանավորված է ստեղծել Հանձնաժողով, որին ի թիվս այլնի վերապահված են մեղմ ասած խնդրահարույց լիազորություններ: Հանձնաժողովն այն կազմակերպություններին, որոնց աշխատակիցների առնվազն 70%-ը ստացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում, տրամադրում է այդ հանգամանքը հավաստող տարբերանշան, պետական մարմիններին եւ շահագրգիռ կազմակերպություններին ներկայացնում է առաջարկություն՝ տարբերանշան ունեցող կազմակերպությունների ցանկն իրենց պաշտոնական կայքերում տեղադրելու վերաբերյալ, կազմակերպում է տարբերանշանի վերաբերյալ հանրության իրազեկումը»,- նշված է հաղորդագրության մեջ:ՀՀԱ-ում նշել են, որ նշված գործողությունները նախագիծը դարձնում են հակասահմանադրական, ապօրինի եւ հակաիրավական, այն պատճառով, որ կխախտեն ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության մեջ տեղ գտած որոշ նորմեր, իսկ նախագիծն իրագործելու դեպքում պետությունը կդրսեւորի խտրականություն ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ, «քանզի կսահմանի տարբերակում ընկերությունների միջեւ՝ հիմնվելով մի ցուցանիշի վրա, որի նկատմամբ ընկերությունները չունեն որեւէ ազդեցություն»։ «Ավելին, այդ ուղղությամբ ընկերության կողմից ցանկացած քայլ կլինի ապօրինի եւ կխախտի ոլորտի աշխատակիցների իրավունքները։ Հանձնաժողովի գործողությունները, որոնք ուղղված են տարբերանշանի տրամադրմանը եւ դրա հետ կապված պետական մարմինների եւ հասարակության իրազեկմանը, ուղղակի միջամտություն են տնտեսական գործունեությանը, քանզի դրանով սահմանափակվում է շուկայական ազատ մրցակցությունը: Տվյալ հրամանի նախագիծը հակասում է ոլորտը կարգավորող իրավական ակտերին եւ հանգեցնելու է անձանց իրավունքների խախտման, ինչի պատճառով հորդորում ենք ձեռնպահ մնալ այն ընդունելուց»,- նշել են Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիայում: Tweet Դիտում՝ 2539