Դերիպասկան խոսել է նոր գլոբալ տնտեսության մասին՝ առանց նավթի եւ գազի

26.05.2021 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Օլեգ Դերիպասկա #IEA
Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) կանխատեսումները հիանալի առիթ են էներգիայի ապագայի մասին մտորելու համար. շուտով կավարտվի նավթի եւ գազի դարաշրջանը, կարծում է ռուսաստանցի գործարար Օլեգ Դերիպասկան:

«IEA-ն նախազգուշացնում է չկատարել ներդրումներ նավթագազային նոր նախագծերում: Շուտով կավարտվի նավթի եւ գազի դարաշրջանը, եւ ոլորտը ստիպված կլինի վերստեղծել իրեն»,- գրել է Դերիպասկան իր Telegram ալիքում:

Մայիսի սկզբին IEA-ն հրապարակել էր «Զրոյական արտանետումներ մինչեւ 2050 թվականը» զեկույցը, որում ընդգծվում է, որ մինչեւ 2050 թվականը ածխածնի չեզոքացման նպատակին հասնելը չի ենթադրում նավթի եւ գազի նոր հանքավայրերի շահագործում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անսպասելի էր։ Ոչ ոք չէր սպասում, որ IEA-ն այսպես շուտ շրջադարձ կկատարի ածխաջրածնային թեմային: Կազմակերպությունը միշտ աջակցել է հանածո վառելիքի ոլորտին: Հիմա նրանք ուղղակիորեն ասում են, որ վերականգնվող էներգիային անցումը աշխարհը կդարձնի ոչ միայն ավելի էկոլոգիապես մաքուր, այլեւ հարուստ»,- նշել է գործարարը:

Նա ուշադրություն է հրավիրել ածուխի եւ նավթի պահանջարկի վերաբերյալ IEA-ի կանխատեսման վրա: «Մինչեւ 2050 թվականը ածուխի պահանջարկը կնվազի 90%-ով, նավթինը` 75%-ով: Հանածո վառելիքներից խուսափումը կարագացնի համաշխարհային ՀՆԱ-ի աճը տարեկան գրեթե կես տոկոսով»,- ընդգծել է Դերիպասկան:

«IEA-ն հիանալի առիթ է տալիս բոլոր երկրներին մտածելու՝ արդյոք չի եկել ժամանակը համաշխարհային տնտեսությունն իրապես փոխելու համար: Հիմա բոլորը վախենում են, որ նավթից հրաժարվելը կավելացնի գործազրկությունը եւ հարված կհասցնի ՀՆԱ-ին: Իսկ IEA-ն կարծում է, որ, ընդհակառակը, դա միայն կարագացնի աճը: Աշխատատեղերը կավելանան, ինժեներների եւ այլ տեխնիկական մասնագետների հսկայական պահանջարկ կլինի, իսկ նավթային ոլորտի արհեստավարժ փորձագետներն իրենց համար կիրառություն կգտնեն նոր տնտեսության մեջ: Գրագետ ինժեները հաստատ առանց աշխատանքի չի մնա»,- ասել է գործարարը:

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ստեղծել «իրական մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա առանձին երկրներին հետագայում ավերել մոլորակը՝ ցուցադրաբար խախտելով միջազգային նորմերը»:



Banks.am-ը հիշեցնում է, որ Օլեգ Դերիպասկան նախատեսում է Ստոլիպինի անվան Աճի տնտեսության ինստիտուտի հիման վրա ստեղծել «ուղեղային կենտրոն»՝ Ռուսաստանի տնտեսական եւ դրամավարկային քաղաքականությունը շտկող առաջարկներ մշակելու համար:

Գործարարի ներկայացուցիչը նշել էր, որ Դերիպասկան Ռուսաստանի բանկի եւ բարձր տոկոսադրույքների քաղաքականության հետեւողական քննադատ է եւ ակնկալում է ազդել իրավիճակի վրա` ներգրավելով գիտնականների լայն շրջանակ` վերլուծելու տնտեսական իրավիճակը եւ առաջարկներ մշակելու համար:
Դիտում՝ 3338
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW