Amber Capital Armenia մասնավոր սեփական կապիտալի հիմնադրամը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Եվրամիության (ԵՄ) աջակցությամբ, ձեռք է բերել արեւային էլեկտրակայանի հայկական օպերատոր՝ «Սոլիս» ընկերությանը, Արագածոտնում 4 ՄՎտ ֆոտովոլտային (ՖՎ) արեւային կայան կառուցելու եւ շահագործելու համար:Ակնկալվում է, որ օբյեկտը կգործարկվի մինչեւ 2021թ. ավարտը եւ կարտադրի տարեկան 7,5 Գվտ / ժամ մաքուր էներգիա, ինչի արդյունքում հնարավոր կլինի խուսափել տարեկան 3,200 տոննա CO2 արտանետումներից: Էլեկտրակայանը կնպաստի Հայաստանի «կանաչ» վերականգնմանը եւ կստեղծի շուրջ 50 աշխատատեղ շինարարության եւ էլեկտրակայանի շահագործման ոլորտում։Ecoville ընկերությանը, որը Հայաստանում առաջատարներից է առեւտրային վերգետնյա արեւային էլեկտրակայանների եւ տանիքների ՖՎ համակարգերի մշակման եւ կառուցման գործում, մրցութային կարգով շնորհվել է ծրագրի ինժեներական եւ շինարարական աշխատանքների պայմանագիր:Սա առաջին ծրագիրն է, որը ֆինանսավորվում է ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամի կողմից եւ կառավարվում Amber Capital-ի կողմից։ Մասնավոր սեփական կապիտալի հիմնադրամը ձգտում է Հայաստանում ներդրումներ կատարել կենսունակ փոքր եւ միջին ձեռնարկություններում (ՓՄՁ): Ամերիաբանկը ֆինանսավորում է տրամադրել այս ծրագրի համար։Amber Capital Armenia-ի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը ընդգծել է ծրագրի կարեւորությունը ինչպես երկրի, այնպես էլ հիմնադրամի համար՝ շեշտելով, որ վերականգնվող էներգիան հիմնադրամի առաջնահերթություններից մեկն է: «Արեւային էներգիայի այս ծրագրում մեր ներդրումը շուկայում առաջատար վերականգնվող էներգետիկայի ակտիվների պորտֆելի ստեղծման մեր ռազմավարության առաջին քայլն է`պահպանելով բնապահպանական, սոցիալական եւ կառավարման ամենաբարձր չափանիշները», - ասել է նա: «Մենք մեծ ներուժ ենք տեսնում եւ շարունակում ենք փնտրել վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումային հնարավորություններ՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի ներուժին «կանաչ» էներգետիկայի ոլորտում, ինչպես նաեւ շրջակա միջավայրի բարելավմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը: Մենք շատ ուրախ ենք համագործակցել Ամերիաբանկի եւ Ecoville-ի հետ`այս կարեւոր ծրագիրը կյանքի կոչելու համար»:Ամերիաբանկի գործադիր տնօրեն Արտակ Հանեսյանը կարեւորել է Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտի ներուժը եւ նշել, որ Ամերիաբանկն այդ ոլորտում մի շարք ծրագրերի է աջակցում: «Մենք ուրախ ենք մասնակցել Հայաստանում առանցքային ներդրումային ծրագրերին, որոնք նպաստում են երկրի՝ ռազմավարական կարեւորություն ունեցող տնտեսական հատվածների զարգացմանը», - ասել է նա: «Մենք հավատարիմ ենք մեր «Կանաչ» քաղաքականության իրագործմանը, եւ Amber Capital-ի հետ համագործակցությունը եւս մեկ կարեւոր քայլ է Հայաստանում առավել արդյունավետ եւ էկոլոգիապես մաքուր էներգետիկ համակարգում ներդրման ճանապարհին»:Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է. «Մաքուր էներգիայի արտադրության ծավալների մեծացումը կարեւոր քայլ է Հայաստանում ածխաթթու գազի արտանետումների նվազեցման եւ կլիմայի փոփոխության խնդրի լուծման ուղղությամբ: Սա երկրի՝ արեւային էներգետիկայի ոլորտում հզորությունները խթանելու եւս մեկ քայլ է: ՎԶԵԲ-ի հիմնական նպատակներից մեկը դեպի ցածր ածխածնային տնտեսություն անցում կատարելն է»:ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինն նշել է. «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը առանցքային նշանակություն ունի երկրի բիզնես միջավայրի եւ ներդրումային կլիմայի համար՝ Համապարփակ եւ Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի ստանդարտներին համապատասխան: Ուրախ ենք եւ հպարտ, որ Հիմնադրամի առաջին ներդրումը վերականգնվող էներգիայի ոլորտում է, ինչը նշանակում է, որ առկա է ներուժ Հայաստանում կայուն ֆինանսավորման եւ ներդրումների համար։ ԵՄ-ն հավատարիմ է իր հանձնառությանը՝ աջակցել երկրին եւ նրա մասնավոր հատվածին «կանաչ» վերականգնման, տնտեսական աճի եւ աշխատատեղերի ստեղծման ուղու վրա: Դեպի կանաչ տնտեսություն անցումն արդեն ճանապարհին է եւ այն անկասելի է»: Tweet Դիտում՝ 2381