«Լիկվոր»-ը կաջակցի ՀՀ դեղարտադրության ոլորտում կրթության զարգացմանը

13.05.2021 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բժշկական համալսարան #«Լիկվոր»
Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի եւ Հայաստանում դեղարդյունաբերության առաջատար «Լիկվոր» ընկերության միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Համաձայն հուշագրի՝ կողմերը համագործակցելու են մի շարք ուղղություններով, իրենց ջանքերը, ներուժը, միջոցներն ու փորձը մեկտեղելով՝ ի նպաստ Հայաստանում դեղարտադրության, կրթության եւ գիտության ոլորտների զարգացմանը, երիտասարդ մասնագետների գործնական գիտելիքների ամրապնդման եւ խորացման, բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին աշխատանքով ապահովման եւ կարիերայի զարգացման հնարավորությունների ստեղծմանը։

«Լիկվոր» ընկերության գործունեության 30-ամյակի միջոցառումները մեկնարկեցին՝ R&D (Research and Development) գիտահետազոտական կենտրոնի բացմամբ, որին ներկա էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հետբուհական եւ շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը,  Դեղագիտության ֆակուլտետի պատասխանատուները:
 
«Լիկվոր» ընկերությունը հիմնադիր-տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանի ուղեկցությամբ համալսարանականները ծանոթացան ընկերության  արտադրական հնարավորություններին, որակի վերահսկման ողջ գործընթացին:

«Բժշկական համալսարանը միջազգայնացման գործընթացին համահունչ այսօր ստորագրում է մի հուշագիր, որի շնորհիվ մեր ուսանողները եւ շրջանավարտները մեր երկրում կարող են տեսնել  եվրոպական ստանդարտներին համապատասխանող պատշաճ արտադրական գործունեությունը՝ GMP-ին կյանքի կոչված: Հատուկ հպարտություն է առաջացնում, որ հայ եւ օտարերկրացի ուսանողները, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում բժշկական կրթություն ստանալ կարող են տեսնել աշխարհի մակարդակով ինովացիոն արտադրություն, գործարան եւ գիտահետազոտական կենտրոն»,-ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ կարեւորելով գիտական, կրթական ուղղություններով համագործակցության ընդլայնման ուղղած համատեղ ծրագրերի իրականացումը:
 
«Գործունեության 30 տարվա պատմության ընթացքում մեր առաքելության կարեւոր կետերից մեկը եղել է Հայաստանում դեղարտադրության ոլորտի զարգացումը: Լավ գիտակցելով, որ այդ գործում իր կարեւոր դերն ունի թիմը, մենք մշտապես տարբեր ծրագրերով ու նախաձեռնություններով աջակցել ենք կադրերի աճին, հմտությունների կատարելագործմանն ու նրանց մրցունակ եւ պահանջված մասնագետ դառնալուն: «Լիկվոր»- ի եւ ԵՊԲՀ-ի միջեւ հուշագրով ընկերությունում ստեղծելու ենք ուսումնական հարթակ եւ ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի ուսանողներին, որպես ուսումնական ծրագրի մաս, հատկացվելու են հատուկ դասաժամեր՝ պատշաճ արտադրական եւ պատշաճ լաբորատոր գործունեության (GMP, GLP) ուսումնասիրման նպատակով»,- նշել է «Լիկվոր» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ի հետ մեկնարկող համագործակցությունն ուղղված է երիտասարդ մասնագետների արտադրության գործընթացում ներգրավելուն:

«Լիկվոր»-ը հիմնադրման 30-ամյակի առթիվ նաեւ սահմանել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան» կրթաթոշակ, որը ԵՊԲՀ-ի հետ համագործակցության շրջանակում տրամադրելու է Դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի վերջին կուրսի՝ առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողին՝ 2021թ.-2022թ. ուսումնական տարում մագիստրատուրայում սովորելու ընթացքում: Իսկ «Մաթեւոսյան Զարգացման հիմնադրամի» կողմից, Դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրա ընդունված, բարձր առաջադիմություն ունեցող եւս 3 ուսանող կստանան 2021թ.-2022թ. ուսումնական տարվա ուսման վճարի 50%-ի չափով փոխհատուցում:

Ստորագրված հուշագրի, համագործակցության շրջանակում խոշոր այս դեղարդյունաբերական ընկերությունում  նախատեսվում են ստերիլ դեղերի արտադրության վերաբերյալ ուսումնական եւ արտադրական պրակտիկաներ, որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ արտադրության գործընթացին, սկզբունքներին ու առանձնահատկություններին, ինչպես նաեւ R&D կենտրոնի աշխատանքին, որտեղ իրականացվելու են կենսատեխնոլոգիաների ոլորտի ուսումնասիրություններ եւ գիտական հետազոտություններ՝ դեղարտադրության կատարելագործման, նորագույն բարձր տեխնոլոգիաների ներդրման, նորարար  եւ արդյունավետ լուծումների միջոցով որակյալ եւ թերապեւտիկ բարձր արդյունավետություն ունեցող արտադրանք ստեղծելու նպատակով:
Դիտում՝ 1720
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW