ԿԲ. Հասարակության մոտ ավելացել են գնաճի ապագա ընթացքի հետ կապված անորոշությունները

04.05.2021 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կենտրոնական բանկ #գնաճ #տնտեսական ակտիվություն
ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) տեղեկացնում է, որ 2021թ. մարտին արձանագրվել է 1% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է եւ կազմել 5,8%: 12-ամսյա բնականոն գնաճը եւս նույն չափով արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6,6%։

«2021թ. առաջին կիսամյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում, պայմանավորված խթանող քաղաքականությունների իրականացմամբ եւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման որոշակի դրական արդյունքներով, արձանագրվում է տնտեսական ակտիվության եւ պահանջարկի՝ սպասվածից ավելի արագ վերականգնման միտումներ: Համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումների եւ մի շարք առաջարկի գործոնների ազդեցությամբ հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակում են դիտվել բարձր գնաճային զարգացումներ, ինչն արտահայտվում է նաեւ գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձեւավորմամբ։ Նման իրավիճակում ԿԲ խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է ակնկալել գնաճային ազդեցություն»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:

2021թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության զարգացումները նախանշում են ԿԲ նախորդ կանխատեսումների համեմատ տնտեսության ավելի դրական միտումների մասին։ Համաշխարհային պահանջարկի եւ արտերկրից դրամական փոխանցումների ավելացմամբ, ինչպես նաեւ վարկավորման ավելի դրական զարգացումներով պայմանավորված՝ համախառն պահանջարկը կվերականգնվի սպասումների համեմատ ավելի արագ տեմպերով, սակայն դեռեւս կմնա թույլ։

Միեւնույն ժամանակ, ըստ ԿԲ գնահատականների, ավելացել են հասարակության մոտ գնաճի ապագա ընթացքի հետ կապված անորոշությունները եւ որոշակիորեն նաեւ գնաճային սպասումները։ Արդյունքում, Խորհրդի գնահատմամբ, ներքին տնտեսությունից եւս դրսեւորվում են որոշակի գնաճային ազդեցություններ:


  
Հաշվի առնելով ստեղծված մակրոտնտեսական իրավիճակը եւ արտաքին ու ՀՀ տնտեսություններից սպասվող գնաճային ազդեցությունները՝ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ անհրաժեշտ է աստիճանաբար չեզոքացնել խթանող դիրքը եւ նպատակահարմար է գտնում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը միակարծիք է, որ առաջիկայում եւս դրամավարկային քաղաքականությունը հետեւողական է լինելու գնաճային սպասումների արագացման ռիսկերի չեզոքացման հարցում՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնման ընթացքը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը, կարճաժամկետ հատվածում որոշակի արագացումից հետո, աստիճանաբար կնվազի եւ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, եւ դրանց դրսեւորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:
Դիտում՝ 1464
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW