Հաջող եռամսյակ Բաֆեթի համար՝ նախորդ տարվա հսկայական անկումից հետո
03.05.2021 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ gazeta.ru

Իր Berkshire Hathaway ընկերության զուտ շահույթը կազմել է գրեթե $12 մլրդ՝ մեկ տարի առաջվա $49,7 մլրդ վնասի դիմաց: Ընկերության գումարային բարձիկը գերազանցել է $145 միլիարդը, հաղորդում է The Bell-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը:
Ընկերության արդյունքներն իրենց մեծությամբ երկրորդն էին 2010-ից ի վեր: Berkshire-ի շահույթն արտացոլում է ընկերության $282 մլրդ արժողությամբ բաժնետոմսերի պորտֆելի դինամիկան: Ընկերության գործառնական շահույթը տարեկան կտրվածքով աճել է մոտ 20%-ով` մինչեւ $7 մլրդ, իսկ դրամական պահուստն ավելացել է 5%-ով` հասնելով $145,4 միլիարդի: Սա մոտ է անցած տարվա երրորդ եռամսյակի ռեկորդին, երբ գումարային բարձիկը գնահատվեց $145,7 մլրդ:
Berkshire Hathaway-ի պահուստներն արտացոլում են Բաֆեթի առջեւ ծառացած համակարգային խնդիրը՝ ներդրումներ կատարելու համար արժանի ընկերությունների բացակայությունը: Դրանց փոխարեն Berkshire-ը սկսեց գնել սեփական բաժնետոմսերը՝ անցած տարվա ընթացքում այդ նպատակով ծախսելով ռեկորդային $24,7 մլրդ։ Առաջին եռամսյակում գնումները շարունակվեցին, սակայն ոչ նույն տեմպերով. ընկերությունը հետգնման վրա ծախսեց $6,6 մլրդ, ինչը քառորդով պակաս է նախորդ եռամսյակի ցուցանիշից ($9 մլրդ):
Նախորդ եռամսյակի համեմատ՝ բաժնետոմսերում ներդրումներից Berkshire-ի շահույթն ավելացել է $4,69 միլիարդով: Միաժամանակ, միլիարդատերը բաժնետերերին ասել է, որ նրանք չկենտրոնանան ներդրումային շահույթների եւ վնասների եռամսյակային տատանումների վրա:
***
Մայիսի 1-ին կայացած Berkshire Hathaway-ի բաժնետերերի առցանց ժողովի ընթացքում Ուորեն Բաֆեթը մոտ չորս ժամ պատասխանել է նրանց հարցերին։
Բաֆեթը խոստովանել է, որ Apple-ի բաժնետոմսերի վաճառքը «հավանաբար, սխալ է եղել»: Անցած տարվա չորրորդ եռամսյակում Berkshire-ն իր պորտֆելում Apple-ի բաժնետոմսերի քանակը կրճատեց 3,7%-ով ՝ մինչեւ շուրջ 944 մլն արժեթուղթ: Միլիարդատերը նշել է, որ Apple-ի արժեթղթերը «անփոխարինելի են մարդկանց համար» եւ «հսկայական դեր են» խաղում նրանց կյանքում: Նրա խոսքով՝ Apple-ի ներդրողներն ավելի շուտ կնախընտրեն վաճառել իրենց ավտոմեքենան, քան կազատվեն այդ արժեթղթերից:
Բաֆեթը նաեւ մի քանի «դաս է տվել» սկսնակ ներդրողներին: Մասնավորապես, նա հիշեցրել է, որ 1989թ.-ին աշխարհի ամենաթանկ 20 ընկերություններից ոչ մեկն այժմ թոփ 20-ի մեջ չէ:
«Աշխարհը կարող է շատ-շատ փոխվել»,- ընդգծել է միլիարդատերը: Ինչպես ասել է Բաֆեթը, նման փոփոխությունները վկայում են այն մասին, թե որքան կարեւոր է դիվերսիֆիկացված պորտֆելների ստեղծումը:
Ներդրողը նաեւ նշել է, որ ներդրումներ կատարելու համար առանձին բաժնետոմսեր ընտրելը «շատ ավելին է», քան գտնել ապագայում ծաղկող ոլորտներ: 1900-ականներին մոտ 2000 ընկերություն մուտք գործեց ավտոմոբիլային շուկա, քանի որ ներդրողներն ու ձեռներեցները մեծ ապագա էին ակնկալում այս ոլորտի համար, նշել է միլիարդատերը: Մինչդեռ 2009 թվականին այդ ընկերություններից միայն երեքը մնացին շուկայում, նկատել է նա:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: