100 ամենահարուստ ամերիկացիների կարողությունը Ջո Բայդենի նախագահության առաջին 100 օրվա ընթացքում աճել է $195 միլիարդով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg-ի հաշվարկները:Ապրիլի 30-ի դրությամբ՝ ԱՄՆ 100 ամենահարուստ քաղաքացիների ընդհանուր կարողությունը հասել է $2,9 տրիլիոնի` ավելանալով $195 միլիարդով՝ Բայդենի հունվարի 20-ին կայացած երդմնակալությունից հետո: Միաժամանակ, ամենացածր եկամուտ ունեցող ԱՄՆ քաղաքացիների 50%-ի համատեղ կարողությունը կազմում է ընդամենը $2,5 տրլն:Նման զգալի եւ արագ հարստացման հիմնական պատճառը բորսաների աճն է՝ պատվաստումների տարածման եւ կորոնավիրուսի համավարակի հաղթահարման ֆոնին: Հիմնական բորսայական ինդեքսները փետրվարից գրեթե անընդմեջ աճում են՝ մեկը մյուսի հետեւից գերազանցելով ռեկորդային ցուցանիշը: Dow Jones-ի եւ S&P 500-ի ինդեքսներն այս ամիսների ընթացքում աճել են ավելի քան 10%-ով:Բայդենի կողմից կիրառված տնտեսությանն աջակցող միջոցները եւ պատվաստումների զանգվածային ծրագիրը խթանեցին արագ վերականգնումը, եւ այդպիսով՝ ֆոնդային բորսաների եւ ամենահարուստ ամերիկացիների կարողությունների աճը:Այնուամենայնիվ, այս բնագավառում նմանատիպ դրական միտումներ ԱՄՆ-ում նկատվել են նաեւ Դոնալդ Թրամփի նախագահական պաշտոնավարման վերջին շաբաթներին: Նույն 100 ամենահարուստ ամերիկացիների կարողությունը 2020թ․ նոյեմբերի 4-ին կայացած ընտրությունների օրվանից մինչեւ Բայդենի երդմնակալության արարողությունը աճել էր $267 միլիարդով։ ԱՄՆ տնտեսությունն, ընդհանուր առմամբ, վերականգնվում է համավարակից ավելի արագ, քան սպասվում էր: Միացյալ Նահանգների ՀՆԱ-ի աճը Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ այս տարի կկազմի 6,4%: Tweet Դիտում՝ 1362