ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին ասել է, որ Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:«Ինտեգրման արդիական խնդիրների լուծման տեսանկյունից կցանկանայի առանձնացնել այսօր դիտարկվող փաստաթուղթը՝ մինչեւ 2025թ․ ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: Ավելորդ չի լինի եւս մեկ անգամ արձանագրել, որ արդյունաբերության ոլորտը Միության տնտեսական համակարգի գլխավոր շարժիչ ուժերից է: Գործնականում անիրագործելի է ապրանքների լիարժեք միասնական շուկայի ստեղծումը` առանց այդ ուղղությամբ համակարգված քաղաքականության մշակման: Կարեւոր ենք համարում արդյունաբերական համագործակցության խորացմանն ու ազգային արդյունաբերական քաղաքականությունների համակարգմանը միտված աշխատանքների շարունակումը»,- ասել է նա:Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստաթղթի հիմնական դրույթների հետեւողական իրագործումը կնպաստի ընդհանուր առմամբ ողջ արդյունաբերական համալիրի կայուն զարգացմանը:«Փաստաթղթի ամենակարեւոր ուղենիշերից է արդյունաբերության նորարարական զարգացման եւ թվային փոխակերպման համատեղ խթանումը: Հաշվի առնելով փոփոխվող տնտեսական կոնյունկտուրան` տնտեսությունների տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակին անցումը որոշիչ նշանակություն է ձեռք բերում: Թվային փոխակերպումը շարունակում է մնալ ինտեգրման հիմնասյուներից մեկը: Մենք ավանդաբար այն տեսակետին ենք, որ անհրաժեշտ է հետայսու եւս խորացնել համագործակցությունն այս ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 945