ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիսոն ԼըՔլերին։Ինչպես հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում առանձնացվել են համագործակցության հետեւյալ ոլորտները՝ առեւտուր եւ ներդրումներ, արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, կրթություն եւ զբոսաշրջություն։ Քննարկվել են հայկական արտադրանքը (մասնավորապես՝ արեւային պանելներ եւ ալկոհոլային խմիչքներ) դեպի Կանադա արտահանման հնարավորությունները։ Նախարարը կարեւորել է կանադական կանեփի արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերությունների հետ գործարար կապերի հաստատման հնարավորությունները եւ շեշտել, որ Հայաստանն ունի գրավիչ միջավայր բիզնես գործունեություն ծավալելու համար՝ հաշվի առնելով երկրի կլիմայական պայմանները եւ որակյալ աշխատուժը։ Բացի այդ, կանադացի ներդրողները կարող են օգտվել Հայաստանում ներկայումս կառուցվող արդյունաբերական գոտիների հնարավորություններից՝ իրենց արտադրական մասնաճյուղերը Հայաստան տեղափոխելու գործընթացը դյուրացնելու, ինչպես նաեւ ԵԱՏՄ շուկա առանց խոչընդոտների մուտք գործելու համար։ Զրուցակիցներն առանձնացրել են ֆինանսական ծառայությունների մատուցման եւ գյուղատնտեսության ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերը։ Նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու կանադական ֆինանսական կառույցներին, բանկերին, մասնավորապես՝ վենչուրային հիմնադրամներին, հիմնվել Հայաստանում՝ ընդգծելով, որ Հայաստանն ունի ամենաթափանցիկ եւ վստահելի ֆինանսական համակարգերից մեկը տարածաշրջանում, ինչի շնորհիվ արդեն երկար տարիներ մի շարք առաջատար միջազգային բանկեր իրենց գործունեությունն են ծավալում Հայաստանում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկու երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ գործարար հանդիպումների կազմակերպման հարցեր։ Այդ կապակցությամբ նախարարն առաջարկել է 2021թ․-ի երկրորդ կեսին անցկացնել հայ-կանադական գործարար համաժողով։ Tweet Դիտում՝ 890