Համաձայն Գրանթ Թորնթոնի կողմից իրականացված անշարժ գույքի շուկայի վերլուծության՝ 2020 թվականի ընթացքում ՀՀ անշարժ գույքի շուկան ենթարկվել է մի քանի «շոկերի»: Առաջինը՝ տարվա սկզբին աշխարհում ի հայտ եկած նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակն էր եւ դրանով պայմանավորված սահմանափակումները Հայաստանում, հաջորդը՝ համավարակի երկրորդ ալիքը, հետո Արցախում տեղի ունեցած պատերազմը եւ տարվա ավարտին էլ՝ քաղաքական ճգնաժամը: Անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գործարքների վրա իր ազդեցությունն է ունեցել նաեւ եկամտային հարկի հաշվին հիփոթեքային վարկերի տոկոսների հետվերադարձին վերաբերող օրենսդրության մեջ կատարվելիք փոփոխությունների սպասումը, մասնավորապես՝ այդ մեխանիզմի վերացման մասով: 2020թ. ընթացքում ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացված ընդհանուր գործարքների քանակը կազմել է 158,659, ինչը մոտ 15%-ով պակաս է եղել նախորդ տարվա ցուցանիշից: Ակնհայտ է կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրության եւ խիստ սահմանափակումների ազդեցությունը, հատկապես, երկրորդ եռամսյակում, երբ տարեսկզբի երկու ամիսների գործարքների 21%-ի աճից հետո դրանց քանակը կտրուկ նվազեց՝ մոտ 5.6 անգամ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ: Այնուհանդերձ, տեղաշարժի խիստ սահմանափակումների վերացումից հետո մայիսից արդեն գրանցվել է գործարքների քանակի աճ՝ հուլիսին նույնիսկ մոտ 1%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը ու սեպտեմբերին հասնելով 17.1%-ի: Սակայն, սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը կանգնեցրեց անշարժ գույքի շուկայի տարեկան աճի միտումը եւ արդեն հոկտեմբերին գրանցվեց գործարքների 32.9% նվազում նախորդ տարվա համեմատ: Անշարժ գույքի շուկայի բոլոր գործարքների մեջ ամենամեծ մասնաբաժինը՝ մոտ 38%, կազմում են օտարման գործարքները, որոնց 76.6% առուվաճառքի գործարքներ են: Առուվաճառքի գործարքների զգալի մասը՝ 30.1%, տեղի է ունեցել Երեւանում: Բացի Երեւանից, առուվաճառքի գործարքների մեջ նկատելի մասնաբաժին ունեն նաեւ Կոտայքի, Արարատի եւ Արմավիրի մարզերում տեղի ունեցած գործարքները, որոնք 2020թ. ընթացում կազմել են համապատասխանաբար 19.1%, 11.4% եւ 10.1%: 02.04.2021 | 11:09 Գրանթ Թորնթոնն իրականացրել է Հայաստանի անշարժ գույքի շուկայի վերլուծություն Ընդհանուր առուվաճառքի գործարքների մեծ մասը վերաբերել է հողերին՝ 46.5% եւ բազմաբնակարան շենքերի բնակարաններին՝ 27.4%: Հարկ է նշել, որ հողային առուվաճառքի գործարքները միակն են, որ 2020թ.-ին գրանցել են տարեկան 4% աճ եւ դրանց մեջ ամենամեծ մասնաբաժինն ունեն գյուղատնտեսական նշանակության հողերի եւ բնակելի կառուցապատման բնակավայրերի հողերի առուվաճառքի գործարքները՝ համապատասխանաբար 53.1% եւ 36.3%: Ինչ վերաբերում է բազմաբնակարան շենքերի բնակարաններին, ապա վերջինների առուվաճառքի գործարքները գրանցել են տարեկան ամենամեծ անկումը՝ 28%: Բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի շուկայական ամենաբարձր արժեքները մայրաքաղաքում արձանագրվել են Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում՝ կազմելով միջինում համապատասխանաբար 644,800 եւ 452,000 դրամ: Դեկտեմբերին Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գները տարեկան նվազել են մոտ 4%-ով` առավել կտրուկ անկում արձանագրելով Կենտրոն, Դավթաշեն եւ Նուբարաշեն վարչական շրջաններում:2020-ի վերջին եռամսյակի ընթացքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների քանակի համատարած նվազման պատկերում առանձնանում են պատերազմի ընթացքում սահմանամերձ եւ արդյունքում այդպիսին դարձած մարզերը, մասնավորապես Գեղարքունիքը, Սյունիքը, Վայոց Ձորն ու Տավուշը: Գրանթ Թորնթոնի կողմից նախաձեռնած այս վերլուծությունն իրականացվում է յուրաքանչյուր տարի եւ թույլ է տալիս պատկերացում կազմել ՀՀ անշարժ գույքի շուկայի կառուցվածքի, գործարքների եւ գույքի տեսակների մասին, հասկանալ շուկայի զարգացումները եւ համեմատել վերջին միտումները նախորդ տարիների հետ: Ամբողջական վերլուծությունը հասանելի է նաեւ երկու լեզվով «բիզնես ինտելեկտի» ծրագրաշարից ընկերության նախընտրած Tableau հարթակում, որը հնարավորություն է տալիս փոփոխել տվյալները եւ անմիջապես տեսնել այդ փոփոխությունների ազդեցությունը դինամիկ հաշվետվության տեսքով: Tweet Դիտում՝ 2972