ՏՄՊՊՀ նախագահ․ Ժամանակն է, որ բոլորն աշխատեն մրցակցային եւ օրենքի դաշտում

12.04.2021 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գեղամ Գեւորգյան #ՏՄՊՊՀ #կաթնամթերք
Կաթ եւ բուսական յուղ պարունակող մթերքը պետք է հստակ տարանջատում ունենա։ Ապրանքի վրա նշված տվյալները պետք է համապատասխանեն իրականությանը՝ հասարակությանը մոլորության մեջ չգցելու համար։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գեւորգյանը։

«Մենք տնտեսվարողներին դեռեւս երկու տարի առաջ ասացինք, որ ՏՄՊՊՀ-ն մեղմ մոտեցման է գնալու, կոշտ միջոցներ չի կիրառելու, հորդորեցինք տարանջատման խնդիրը կարգավորել համագործակցության դաշտում։ Երեք փուլով ստուգում ենք անցկացրել եւ յուրաքանչյուրի արդյունքում հայտնաբերված իրավախախտումներն ավելի քիչ են եղել։ Դրական դինամիկան ակնհայտ է, սակայն այսօր չենք կարող ասել, որ դաշտն ամբողջությամբ զերծ է իրավախախտումներից։ Այսօր հանդիպում ենք տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի ցույց տանք, թե ինչպես է պետք կատարել մակնշումները, նաեւ փորձենք հորդորել ավելի ճիշտ միջավայրում աշխատել»,- ասել է նա։

ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ կաթնամթերքի շուկայում հնարավոր անբարեխիղճ մրցակցությունը կանխարգելելու եւ բացառելու համար միջոցառում են անցկացվել նաեւ սուպերմարկետներում՝ դարակաշաշերը տարանջատելու նպատակով։

«Աշխատանքները պետք է կրեն շարունակական բնույթ, որպեսզի խոշոր սուպերմարկետներից անցում կատարենք մյուս խանութներին։ Սկզբունքային է, որ սպառողը հնարավորինս մատչելի, ընկալելի ճանապարհով տեսնի ապրանքի էությունը»,- ասել է նա։

Գեղամ Գեւորգյանը հավելել է, որ որոշ դեպքերում ապրանքը կեղծվում է ամբողջությամբ՝ մակնշվում է թթվասեր, սակայն լինում է այլ մթերք։

«Հորդորում ենք զերծ մնալ նման իրավախախտումներից, որովհետեւ այս պահից սկսած ՍԱՊԾ-ն եւ ՏՄՊՊՀ-ն պարբերական առանց նախազգուշացման ստուգումներ են իրականացնելու։ Ժամանակն է, որպեսզի բոլորն աշխատեն հնարավորինս մրցակցային եւ օրենքի դաշտում»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահը։

Գեղամ Գեւորգյանն ասել է, որ հանձնաժողովի խնդիրն է, որպեսզի շուկայում վաճառվող ապրանքը չմոլորեցնի սպառողին, մակնշումը ճիշտ լինի։

«Եթե դրանից հետո որեւէ մեկը կարող է բուսական յուղը վաճառել կաթ պարունակող մթերքի գնով եւ քաղաքացին գնի, դա արդեն կլինի գնորդի եւ վաճառողի խնդիրը։ Մեր խնդիրն է, որ դասակարգվի, սպառողն իմանա՝ գումար վճարելիս ձեռք է բերում կաթ, թթվասեր թե թթվասերի տեխնոլոգիայով պատրաստված մթերք՝ բուսական յուղով։ Այս պարագայում նաեւ ապրանքների գներն իրենց տեղը կգտնեն»,- նշել է նա։  

Գեղամ Գեւորգյանը նաեւ ասել է, որ կաթնամթերքի շուկայում այս պահին էական գնաճ չի արձանագրվել։

«Դաշտը մրցակցային է, չկա մեկ ընկերություն, որ շուկայում ունենա գերիշխող դիրք, եւ գները ձեւավորվում են մրցակցության սկզբունքներով, շուկայի կանոններին համապատասխան»:
Դիտում՝ 663
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW