Ապրիլի 9-ին Գյումրու լոկոմոտիվային դեպոյում տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության «Համբարձում Ղանդիլյան» անվանական էլեկտրաքարշի շահագործմանը հանձնելու հանդիսավոր արարողությունը: Ինչպես նշել են ընկերությունում, 28 տարվա ընդմիջումից հետո հայկական երկաթուղու անփոխարինելի ղեկավարը կրկին «վերադարձավ» հարազատ ուղի:Արարողությանը ներկա էին երկաթուղու վետերաններ, Ղանդիլյանի գործընկերները, ընկերները, ինչպես նաեւ զավակներն ու թոռները: Նրանցից ոմանք ՀԿԵ գործող աշխատակիցներ են:Սա հայկական երկաթուղու նախկին ղեկավարների անունները կրող արդեն երկրորդ անվանական էլեկտրաքարշն է: Առաջինը՝ 2013-ին «Արարատ Խրիմյանն» էր: «Համբարձում Ղանդիլյան» էլեկտրաքարշը կապիտալ վերանորոգվել է Հարավկովկասյան երկաթուղու Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում 2020 թվականին բացառապես ընկերության աշխատակիցների ուժերով: Արարողության ժամանակ Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովն ասել է. «Համբարձում Ղանդիլյանն իր ամբողջ կյանքը նվիրեց երկաթուղուն, այդ թվում՝ ավելի քան 20 տարի Հայկական ՍՍՀ-ում: Նա շատ բան արեց պատմության դժվար, շրջադարձային փուլում Հայաստանի երկաթուղիները պահպանելու համար: Եվ այսօր մեր հիմնական խնդիրներից մեկը պատմական հիշողությունը պահպանելն է: Երիտասարդ սերունդը պետք է իմանա անցյալի նվաճումների մասին եւ հպարտանա իր նախնիների ժառանգությամբ: Նույն շարքում, այս տարվա ընթացքում մենք նախատեսում ենք վերանորոգել Երկաթուղու թանգարանը, ինչպես նաեւ հրատարակել Հայաստանի երկաթուղիների պատմությանը նվիրված գիրք, որն ուղղված կլինի պատմության պահպանմանը եւ ժողովրդականացմանը»: Tweet Դիտում՝ 4230