Երեւանի 100 շենքում տեղադրվում են արեւային ֆոտովոլտային կայաններ, որոնք թույլ կտան կրճատել ընդհանուր օգտագործման տարածքների էլեկտրաէներգիայի սպառումը:Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ «Եվրոպական Միությունը՝ Երեւանի համար. արեւային համայնք» ծրագիրն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում: Արեւային ֆոտովոլտային կայանները տեղադրվում են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներին: Նախապես որոշված 90 շենքի փոխարեն ծրագրում ընդգրկվել է 100-ը:Քանի որ ծրագիրը փորձնական է, բնակիչների համար լինելու է անվճար։ Տեղադրելուց հետո արեւային կայանները դառնալու են նրանց սեփականությունը եւ կարող են ծառայել 15-20 տարի:«Ծրագիրը դրամաշնորհային է, արժեքը՝ €1 մլն 250 հազար, որից 250 հազարը քաղաքապետարանի համաֆինանսավորումն է: Շենքերի ընտրության գործում առաջնորդվել ենք սահմանված չափորոշիչներով, մասնավորապես 9-14 հարկանի, հարթ եւ արեւկող տանիք ունեցող շենքերն են ընդգրկվել: Հաշվի է առնվել նաեւ սոցիալական բաղադրիչը»,- ասել է Երեւանի քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության բաժնի պետ Նարինե Աբելյանը:«Քաղաքապետերի դաշնագիր» ցուցադրական նախագծեր» ծրագրի աջակցող խմբի ազգային փորձագետ Անդրե Օհանյանն էլ նշել է, որ ծրագիրը թույլ կտա ունենալ մինչեւ 50 տոկոս խնայողություն: «Եթե այժմ բնակիչները վերելակի հոսանքի ծախսի համար վճարում են պայմանական 100 միավոր, ապա կվճարեն՝ 50: Բայց այդ գումարում ներառված է նաեւ ներշենքային եւ արտաքին լուսավորությունը»,- ասել է Անդրե Օհանյանը: «ԵՄ-ն Երեւանի համար. արեւային համայնք» ծրագրի արեւային կայանների մասով խորհրդատու Վահան Մադոյանի խոսքով էլ՝ ծրագրի իրականացման համար օգտագործվում են հայկական արտադրության պանելներ՝ 360 Վտ հզորության: «Մոդուլները արեւային էներգիան փոխակերպում են էլեկտրականի, ստացվում է հաստատուն հոսանք, որը փոխարկիչի միջոցով դառնում է փոփոխական եւ միացվում ցանցին: Այն մաքուր եւ վերականգնվող էներգիա է»,- ասել է նա։ Արտադրված արեւային էներգիայի շնորհիվ կլուսավորվեն շենքերի մուտքերը, աստիճանահարթակները, արեւային էներգիան կօգտագործվի նաեւ գիշերային լուսավորության համար: «Ծրագիրն ունի նաեւ հետաքրքիր սոցիալական բաղադրիչ: Անապահով ընտանիքներին կտրամադրվեն էներգախնայող լուսատուներ՝ տան էներգասպառումը նվազեցնելու ու ընտանեկան բյուջեն խնայելու համար: Քաղաքի համար առաջին ու բացառիկ ծրագրի արդյունքները կզգացվեն արդեն աշնանը, երբ բոլոր շենքերում աշխատանքներն ավարտված եւ համակարգերը գործարկված կլինեն»,- հայտնել են Երեւանի քաղաքապետարանից։ Tweet Դիտում՝ 2100