Ամերիաբանկ. Ավարտվել է ՀՀ-ում ամենախոշոր արեւային կայանի կառուցման ֆինանսավորումը

25.03.2021 | 18:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #FRV #արեւային կայան
FRV-ն, ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի եւ Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արեւային կայանի կառուցման ֆինանսավորումը:

- 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արեւային կայանը կարտադրի այնքան մաքուր էներգիա, որքան պահանջվում է ավելի քան 20,000 տուն էլէկտրաէներգիայով ապահովելու համար եւ թույլ կտա խուսափել տարեկան 40,000տ ածխածնի արտանետումից:

- Ծրագրի շրջանակներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ կնքվել է էլեկտրաէներգիայի գնման պայմանագիր, որի համաձայն արտադրված էլեկտրաէներգիան կմատակարարվի համայնքին` զգալի օգուտ բերելով վերջինիս:

- ՄՖԿ-ն եւ ՎԶԵԲ-ը կաջակցեն ծրագրի իրականացմանը` տրամադրելով առաջնակարգ վարկեր եւ ներդրումային դրամաշնորհ, որը ԵՄ-ից կնեգրավի ՎԶԵԲ-ը:

- Ամերիաբանկը կաջակցի ծրագրի իրականացմանը` տրամադրելով ԱԱՀ-ի ֆինանսավորում:

- «Մասրիկ-1» արեւային կայանը ներկայումս արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արեւային կայանն է Հայաստանում:

Fotowatio Renewable Ventures (FRV) ընկերությունը, որը հանդիսանում է Abdul Latif Jameel Energy ընկերության անդամ եւ աշխարհում վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրեր իրականացնող առաջատար, հաջողությամբ ավարտել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արեւային կայանի կառուցման ֆինանսավորման գործարքը: Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում կառուցվող 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արեւային կայանն իր տեսակով առաջին է Հայաստանում: Այն թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանում վերականգնվող էներգիայի արտադրության ծավալը`միեւնույն ժամանակ նվազեցնելով երկրի կախվածությունը հանածո վառելիքից:

2018 թ-ին FRV-ն եւ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը կնքեցին կառավարության աջակցության ծրագիր` Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության (R2E2) հիմնադրամի (ՀՀ կառավարության կողմից լիազորված ԾԻԳ) աջակցությամբ արեւային էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տիրապետման եւ շահագործման նպատակով:

«Մասրիկ-1» կայանը կարտադրի տարեկան ավելի քան 128 գիգավատ/ժամ էլեկտրաէներգիա՝ 1 ՄՎտ/ժամի դիմաց 41,9 ԱՄՆ դոլար մրցունակ սակագնով: Արտադրված էլեկտրաէներգիան պայմանագրի համաձայն կվաճառվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որը պատասխանատու է Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման համար: Կայանը կարող է արտադրել այնքան էներգիա, որքան պահանջվում է Հայաստանի ավելի քան 20,000 տնային տնտեսություն էլէկտրաէներգիայով ապահովելու համար: Ծրագիրը թույլ կտա նաեւ տարեկան մոտ 40,000 տոննայի չափով կրճատել ածխածնի արտանետումը:

Ծրագրի իրականացմանն աջակցում են Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Եվրամիությունը (ԵՄ), որոնք ծրագրի իրականացման տարբեր փուլերում կտրամադրեն մինչեւ  38․4 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Ամերիաբանկը կաջակցի ծրագրի իրականացմանը` տրամադրելով ԱԱՀ-ի ֆինանսավորում:

«Հայաստանը մեծ ներուժ ունի, երբ խոսքը վերականգնվող, մասնավորապես՝ արեւային էներգիայի արտադրման ոլորտի զարգացման մասին է»,- ասել է FRV ընկերության գործառնությունների գծով տնօրեն Տրիստան Իգուերոն․ «Տվյալ տարածաշրջանում մեր առաջին արեւային կայանի նախագծի ֆինանսավորման գործարքի կնքումը կարեւոր նշանակություն ունի FRV-ի համար, քանի որ դա մեզ հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մեր գործունեության աշխարհագրությունը: Այս ծրագրի միջոցով մենք կնպաստենք երկրի կայուն տնտեսական աճին` ապահովելով լրացուցիչ եկամտի աղբյուր եւ ստեղծելով նոր աշխատատեղեր, ինչը նպաստելու է ավելի հեռանկարային ապագայի կերտմանը»:

Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը կարեւորել է նախագծի իրագործումը` նշելով, որ Բանկը առանձնակի ուշադրություն է դարձնում վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերին․ «Մենք  աջակցում ենք Հայաստանում միջազգային ընկերությունների գործունեությանը եւ մեզ համար այս նախագիծն առանձնանում եւ կարեւորվում է առաջին հերթին մեր երկրի տնտեսության զարգացման, էկոլոգիական խնդիրների լուծման, նոր աշխատատեղերի ստեղծման, մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավման տեսանկյունից։ Կարեւորելով անկախ եւ անվտանգ էներգետիկ համակարգ ձեւավորելու հեռանկարը` Ամերիաբանկը ուրախ է աջակցելու արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արեւային էլեկտրակայանի կառուցմանը»։ Արտակ Հանեսյանը նշել է, որ Ամերիաբանկը մշտապես ակտիվ աշխատանքներ է իրականացրել էներգետիկայի ոլորտում, մասնավորապես՝  ՀԷԿ-երի ֆինանսավորման, ինչպես նաեւ արեւային կայանների կառուցման ուղղություններով. ««Մասրիկ-1» արեւային կայանի կառուցումը հերթական հավակնոտ եւ մեր երկրի համար առանցքային նշանակություն ունեցող ծրագրերից մեկն է, որը, վստահ եմ, մեր գործընկերների հետ միասին հաջողությամբ ավարտին ենք հասցնելու»։

«Abdul Latif Jameel Energy ընկերությունը FRV ընկերության միջոցով իրականացնում է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արեւային կայանի կառուցումը, ինչը վկայում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման ուղղությամբ մեր ջանքերի մասին: «Մասրիկ» արեւային կայանի կառուցման ֆինանսավորման պայմանագրի կնքումը եւս մեկ քայլ է մեր նպատակների իրականացման ճանապարհին: Հպարտ ենք, որ աջակցում ենք Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի կայացմանը», - նշել է Abdul Latif Jameel ընկերության նախագահի տեղակալ եւ փոխտնօրեն Ֆադի Ջամիլը:

FRV ընկերության մասին

FRV-ն հանդիսանում է Abdul Latif Jameel Energy ընկերության անդամ եւ աշխարհում վերականգնվող էներգետիկայի ոլորտի առաջատար: Հավատարիմ մնալով էներգետիկայի կայուն զարգացման ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունը դառնալու ձգտմանը` FRV-ն արդյունաբերական մասշտաբի ֆոտովոլտայիկ կայաններ արտադրող ընկերությունից դարձավ վերականգնվող էներգետիկայի ոլորտում անկախ էներգաարտադրող ընկերություն: Մեր նպատակն է վերափոխվել եւ դառնալ կանաչ տեխնոլոգիաների/էներգետիկ հարթակի առաջատարը, այդ իսկ պատճառով որդեգրել ենք արագ աճի ռազմավարություն, որը նախատեսում ենք իրականացնել ծրագրերից ստացվող եկամտի, բաժնետերերի ներդրումների, ինչպես նաեւ բաժնետոմսերի մինորիտար փաթեթի եւ ուղղակի վաճառքի միջոցով ակտիվների ռոտացիայի հաշվին: Այս նպատակով ընկերությունը նախատեսում է ավելի քան 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարել հիմնական միջոցներում` ապահովելով ընկերության ընդհանուր հաշվարկային հզորության կրկնակի աճ (2020թ. 2 ԳՎտ-ից մինչեւ 4 ԳՎտ 2024թ.):

Abdul Latif Jameel Energy ընկերության մասին

Abdul Latif Jameel Energy ընկերությունը ստեղծվել 2012 թ-ին եւ այսօր համարվում է էլեկտրաէներգիա արտադրող առաջատար եւ անկախ ընկերություն, որը բարձրակարգ ծառայություններ է մատուցում վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Ընկերությունը ծրագրեր է իրականացնում աշխարհի 16 երկրներում եւ ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրերի` այդ թվում ֆոտովոլտային էլեկտրակայանների, հողմակայանների, թափոնների վերամշակման էներգետիկ ծրագրերի իրականացման  հարուստ փորձ: Ընկերությունն առաջարկում է բնապահպանական լուծումներ մասնավորապես աղազերծման, ջրի եւ կեղտաջրերի մաքրման ոլորտներում:  Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.alj.com/energy կամ կապ հաստատել մեր հաղորդակցության թիմի հետ` media@alj.ae հասցեով կամ +971 4 448 0906 հեռախոսահամարով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է եւ դասվում է երկրի ամենակայուն եւ խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային եւ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Մանրամասն տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:
Ամերիաբանկը վերահսկվում է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 5604
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai