Հայաստանի էներգետիկ ռազմավարության իրականացման առանցքային փուլերը, Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների ընթացքը եւ երկրի էներգետիկայի գործունեության կարեւոր այլ հարցեր են քննարկել այսօր Երեւանում «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկման մասնակիցները։ Միջոցառումը կազմակերպվել է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի եւ «Ատոմային էլեկտրակայանների շահագործման Հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից՝ ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության շրջանակում։ Քննարկմանը մասնակցել են պրոֆիլային հիմնարկների ներկայացուցիչներն ու ոլորտային փորձագետները։ Միջոցառման մոդերատորն էր Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։ «Երկար տարիների ընթացքում ատոմային էներգետիկան մեր երկրի համար հանդիսանում էր գեներացման բազային աղբյուր, եւ այդ ոլորտի դերը մնացել է անփոփոխ նաեւ այսօր։ Մինչեւ 2040թ․ Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է 2026թ-ից հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգում, իսկ հեռանկարում նաեւ նոր ատոմակայանի կառուցում։ Կարեւոր է նաեւ ընդգծել, որ ԱԷԿ-ը՝ մաքուր էներգիայի կայուն մատակարար է, եւ շնորհիվ ատոմային գեներացիայի Հայաստանը կկարողանա կատարել Կլիմայի փոփոխության դեմ պայքարի Փարիզյան համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Համոզված եմ, որ պանելային քննարկման ընթացքում ներկայացված գաղափարները կծառայեն երկխոսության եւ ատոմային ոլորտում գործընկերության խորացմանը»,- նշել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Լուսանկարը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Հասարակայնության հետ կապերի բաժին «Այս տարի մենք նշում ենք կարեւոր հոբելյան՝ Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակը։ 1966 թվականին ընդունվել է Հայկական ԱԷԿ-ը կառուցելու որոշում եւ այսօր մեր ատոմային ոլորտն ապահովում է էլեկտրաէներգիայի գեներացման կայուն աղբյուր եւ հանդիսանում է գիտության եւ բժշկության զարգացման խթան։ Այսօր Հայաստանն արժանի տեղ է գրավում Միջուկային էներգետիկ երկրների Ակումբում, եւ մենք կարող ենք վստահ լինել մեր էներգետիկ անվտանգության եւ անկախության հացում հենց «խաղաղ ատոմի» շնորհիվ»,- ասել է «Արմատոմ» ԳՀԻ ՓԲԸ տնօրեն Վահրամ Պետրոսյանը։«Երկրի ատոմային ոլորտի զարգացման ելակետ է դարձել Հայկական ԱԷԿ-ը, որն այսօր ապահովում է ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը։ 2015 թ-ից Հայկական ԱԷԿ-ում իրագործվում է արդիականացման նախագիծը։ Արդեն կատարվել է աշխատանքների մեծ ծավալ․ իրականացվել է սպրինկլերային համակարգի արդիականացում, հետազոտվել է ստուգման ենթակա բոլոր սարքավորումները (շուրջ 5000 միավոր), ամբողջությամբ փոխարինվել են մեքենայական սրահի սարքավորումները, ինչը թույլ տվեց ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը 10-15 տոկոսով՝ վառելիքի նույն ծախսի պարագայում։ Այժմ նախագիծը մտել է վճռական փուլ՝ իրականացվում են երկրորդ էներգաբլոկը շահագործման հավելյալ ժամկետին նախապատրաստելու աշխատանքներ։ Կայանի արդիականացման եւ անվտանգության մակարդակի բարձրացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ»,- նշված է հաղորդագրության մեջ։ «2021թ-ի ընթացքում Հայկական ԱԷԿ-ում իրականացվելու են անվտանգության բարձրացմանն ուղղված հետեւյալ աշխատանքները․ ռեակտորի իրանի մետաղի թրծաթողում եւ ռեակտորի վթարային հովացման համակարգի արդիականացում։ Թրծաթողման տեխնոլոգիան թույլ կտա շուրջ 80-85 տոկոսով վերականգնել մետաղի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները եւ ամբողջ աշխարհում համարվում է կայանների շահագործումը երկարաձգելու ամենաարդյունավետ ձեւ։ Այս պահին Ռուսաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում հաջողությամբ շահագործվում են թրծաթողումն անցած ВВЭР-440 բլոկները»,- նշել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացման նախագծի ռուսական կողմից ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։ Tweet Դիտում՝ 2361