Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ գործարար կապերն ամրապնդելու եւ ընդլայնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ռուսաստանում մի շարք հանդիպումներ է ունեցել հայ եւ ռուս գործարար շրջանակների հետ:Մասնավորապես՝ Ռուսաստանի արտահանման կենտրոնի (РЭЦ) եւ սննդամթերքի մանրածախ X5 Retail Group ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են դեպի ռուսաստանյան շուկա հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման եւ այդ ընկերությունում հայկական արտադրանքի ներկայացվածության ավելացման հնարավորությունները։ X5 Retail Group ընկերության գործընկերներին համառոտ ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության եւ ագրոարդյունաբերական համալիրի առաջնահերթություններն ու հիմնական նպատակները, Հայաստանում տնտեսվարողներին տրամադրվող օժանդակության գործիքներն ու ՀՀ պետական աջակցության ծրագրերը։Հանդիպման ընթացքում Արման Խոջոյանը կարեւորել է նաեւ լոգիստիկ ծառայությունների բարձր մակարդակի ապահովումը Հայաստանում եւ ընդգծել, որ լոգիստիկ կենտրոնների զարգացումը Հայաստանում կայուն եւ կանխատեսելի մատակարարման գրավականն է:Հանդիպման ավարտին Enterprise Armenia հիմնադրամը եւ Ռուսաստանի արտահանման կենտրոնը կնքել են փոխըմբռնման հուշագիր։ Արման Խոջոյանն ու Enterprise Armenia հիմնադրամի ներկայացուցիչները ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը գործարար շրջանակների ներկայացուցիչների եւ անհատ ձեռներեցների հետ քննարկել են նաեւ հայ-ռուսական գործարար հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ Tweet Դիտում՝ 1733